ԲՀԿ-ի «հին գվարդիան» կտրականապես դեմ է ընդդիմադիր տարբերակին

«Իրավունք»-ում գրված է. «Վարդան Սիվիլիթասիչն իր այն հայտարարությամբ, որ ԲՀԿ-ն պետք է դառնա ընդդիմադիր, բավականին մեծ տարակուսանքի ալիք է առաջացրել հենց հարազատ կուսակցությունում: Քչերը կան, օրինակ՝ Տիգրան Ուրիխանյանը, ովքեր համաձայն են ընդդիմադիր կարգավիճակի անցնելու գաղափարին, սակայն մեծամասնությունը դրան կտրուկ դեմ է: Ճիշտ է, ըստ Օսկանյանի, դա պետք է արվի ոչ թե հիմա, այլ սեպտեմբերին, սակայն դրանից հարցադրման սրությունը չի պակասել: ԲՀԿ-ի «հին գվարդիան» կտրականապես դեմ է ընդդիմադիր տարբերակին, ու դա հատկապես վերաբերում է բիզնեսի հետ առնչություն ունեցողներին: Դե, պարզ է, գործարարությունն ու ընդդիմադիր կարգավիճակն առանձնապես համատեղելի չեն, ու ժամանակին սեփական դիրքերն ամրապնդելու համար ԲՀԿ շարքերն ընդունված մարդիկ ցանկություն չունեն կասկածելի հեռանկար ունեցող ընդդիմադիր գործունեության ռիսկերի տակ դնել իրենց անձերն ու գործը:

ԲՀԿ-ի զգալի հատվածը, այդ թվում՝ և կրակոտ քննադատական ելույթներով աչքի ընկնող Նաիրա Զոհրաբյանը, կարծես թե, նույնպես ժամանակավրեպ են համարում ընդդիմադիր դառնալու մասին խոսակցությունները, և ԲՀԿ խմբակցության քարտուղարը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն կարիք չունի արհեստականորեն իր անվանը կպցնել «ընդդիմադիր» տերմինը, և ոչ իշխանական, այլընտրանքային լինելը լրիվ համահունչ է այդ կուսակցությանը: …ԲՀԿ-ն շարունակում են քննադատել վարչապետ Տիգրան Սարգսյանին, այդ գործի մեջ ներգրավելով նաև պատգամավորների երիտասարդ օգնականներին, երբ հարկ է լինում հնչեցնել որևէ կոպիտ խոսք, ու խոշոր հաշվով, այդտեղ բան չի փոխվել: Բայց հեռանկարի առումով, թերևս, նույն Վարդան Սիվիլիթասիչի անհարմար քայլերը նաև իրենց մեջ պարունակում են երկըտրանքի պահ՝ վերադարձ իշխանական կամ իշխանամերձ դա՞շտ, թե՞ անցում դեպի ռեալ առճակատումը՝ բոլոր հետևանքներով հանդերձ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում