19.1 C
Yerevan

Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրիներ

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Միջազգային իրավունքի համաձայն, հայերի դեմ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրագործված ոճիրը, որպես Ցեղասպանություն պաշտոնապես ընդունել եւ դատապարտել են.
Ուրուգվայն առաջինն է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել: 1965 թվականի ապրիլի 20-ին Ուրուգվայի Սենատի Գլխավոր ասամբլեան եւ ներկայացուցիչների պալատը “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան նվիրված” օրինագիծ են ընդունել:

Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ 1982 թվականին երկրի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Ցեղասպանության փաստը:

Արգենտինայի Սենատը 1988 թվականի ապրիլի 22-ին Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրագործվող հանցանք ճանաչող որոշում է ընդունել:

Իսկ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին՝ 2011 թվականին, Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը’ սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանիի, Էրնեստո Սանսի և Սոնիա Էսկուդերոյի նախաձեռնությամբ ընդունել է հայտարարություն, որով կրկին անգամ դատապարտում է Մեծ եղեռնի հեղինակներին:

Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին’ 1915-1922 թվականներին Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող եւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:

Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը:

Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին’ 1915 թվականի ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր ճանաչելու մասին որոշում է ընդունել:

2000 թվականի ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Իտալիայի խորհրդարանում:

2012 թվականի փետրվարի 18-ին իտալական խոշորագույն Թուրին քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Բացի այդ քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արել Եվրախորհրդարանին’ նույն կերպ վարվել, որպեսզի Եվրամիության անդամագրությանը հավակնող Թուրքիան նույնպես ճանաչի Ցեղասպանությունը:

Այսպիսով, Իտալիայում Ցեղասպանությունը ճանաչած նահանգների (4) եւ քաղաքների (60) ընդհանուր թիվը հասել է 64-ի:

Լիբանանի Ազգային խորհուրդը 1997 թվականի ապրիլի 3-ին բանաձեւ է ընդունել, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր: Բանաձեւը կոչ է անում Լիբանանի ժողովրդին’ ապրիլի 24-ին միասնական լինել հայ ժողովրդի հետ: Իսկ 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունը:

Հարավավստրալական Նոր Ուելս նահանգի խորհրդարանը, ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, 1997 թվականի ապրիլի 17-ին դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը, որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն եւ ապրիլի 24-ը հռչակել Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օր’ կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար քայլեր ձեռնարկել: 2009 թվականի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձեւ է ընդունել:

Բելգիայի Սենատը 1998 թվականին մարտի 26-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել եւ դիմել է ներկա Թուրքիայի կառավարությանը’ Ցեղասպանությունն ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչեւ մեկ տարվա ազատազրկում:

Ֆրանսիայի Ազգային խորհուրդը 1998 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թվականի նոյեմբերի 7-ին բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը: Սակայն սենատորները որոշ չափով փոփոխել են բանաձեւի տեքստը, փոխարինելով սկզբնական’ “Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը”‘ “Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915 թվականին Ցեղասպանության զոհ են դարձել” տեքստով: 2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Իսկ 2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:

2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդը չեղյալ է հայտարարել այն: Հեղինակները աշխատում են նոր օրինագծի շուրջ:

Շվեդիայի խորհրդարանը 2000 թվականի մարտի 29-ին հաստատել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որը դատապարտում եւ ճանաչում է 1915 թվականին թուրքերի իրագործած ոճիրը: Իսկ 2010 թվականի մարտին խորհրդարանը բանաձեւ է ընդունել Ցեղասպանության ճանաչման մասին:

Մեծ Բրիտանիա. Ուելսի Ազգային ժողովը 2002 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը:

2003թ. դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը։ Պատմական փաստը ժխտելու համար Շվեյցարիայում քրեական պատասխանատվություն է սահմանված:

Նիդերլանդներ. Հոլանդիայի խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը 2004 թվականին:

Սլովակիայի խորհրդարանը Ցեղասպանության փաստը ճանաչել է 2004 թվականին:

Գերմանիայի Բունդեստագը 2005 թվականին առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է “1915 թվականի ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա” բանաձեւը, որում նշվում է, որ Գերմանիան պետք է աջակցի թուրքերի եւ հայերի համերաշխությանը: Փաստաթղթում նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրաարձությունները չեն որակվում “Ցեղասպանություն” տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են “Հայոց ցեղասպանություն”:

Վենեսուելայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունել է 2005 թվականի հուլիսի 14-ին: Հայ համայնքի նախաձեռնությամբ փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը եւ փաստաբան Ժանետ Մադրիսը:

Լիտվայի խորհրդարանը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը դատապարտող բանաձեւ ընդունել է 2005 դեկտեմբերին: Բանաձեւն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, որի օգտին քվեարկել է Լիտվայի խորհրդարանի 48 պատգամավոր, երեք պատգամավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից, դեմ ձայներ չեն եղել: Քննարկման ժամանակ պատգամավորները նշել են, որ պատմական փաստերը ժխտելն անիմաստ է եւ անհնար:

Չիլիի Սենատը 2007 թվականի հուլիսին միաձայն որոշում է կայացրել, որում կառավարությանը կոչ է անում’ աջակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա դեմ իրականացված Ցեղասպանությունը:

Բրազիլիայի ամենամեծ նահանգի’ Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006 թվականին ապրիլի 24-ը “1915 թվականին ցեղասպանությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի հիշատակման օր” ճանաչելու մասին օրենք է ընդունել: Օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է միաձայն: Բրազիլական հաջորդ նահանգը, որի խորհրդարանում կրկին միաձայն ընդունվել է Ցեղասպանությունը ճանաչող օրենք, Սեարան է:

ԱՄՆ-ի 50 նահանգից 42-ը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել է Ցեղասպանությունը եւ ապրիլի քսանչորսը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2000 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է № 596 բանաձեւը, որով ընդունում է 1915–1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 կողմի եւ 21 դեմ ձայնով ընդունել է բանաձեւը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո է դրել այն ԱՄՆ Սենատի օրակարգ մտցնելու վրա։ 2009 թվականի մարտի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր’ 252-րդ բանաձեւ է ներկայացվում: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ բանաձեւը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով ընդունեց 2010 մարտի 4-ին:

2010-ի փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Վատիկանում Հովհաննես Պողոս 2-ը Հռոմի առաջին պապն էր, որ ընդունեց եւ դատապարտեց 1915 թվականի իրադարձությունները:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է բազմաթիվ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են օրինակ’ Եվրախորհուրդը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

1987 թվականի հուլիսի 18-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը եւ Եվրախորհրդարանը 1915 – 1917 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու եւ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով Եվրամիությանը դիմելու որոշում է կայացրել: 1987 թվականի հուլիսի 18-ին Եվրախորհուրդը որոշում է կայացրել, ըստ որի ժամանակակից Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտումը չհաղթահարված խոչընդոտ է Թուրքիայի’ Եվրամիությանն անդամագրվելու ճանապարհին:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...