Րաֆֆի Հովհաննիսյանի կառուցողական ինքնաքննադատությունը

«Պետք չէ կապել ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության հետ, բայց մեր մեջ պետք է կոտրել ոչխարի հոտի հոգեբանությունը»,- Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Րաֆֆի Հովհաննիսյանն այս հայտարարությունն արել է Ծիծեռնակաբերդում։ Երեւի այս անգամ Վլադիմիր Գասպարյանը կողքին չի եղել, դրա համար էլ մի քիչ հուզվել է ու նման բան ասել, բայց դա արդեն կարեւոր չէ; Կարեւորն այն է, որ մարդը բառեր է արտասանում՝ առանց բացահայտելու դրանց իմաստային կապը։ Երեւի միանգամից շատ մարդ տեսնելիս պարզապես ուղեղի եւ ձայնարտաբերման միջեւ կապը խաթարվում է։

Ինչ վերաբերում է «ոչխարի հոտի հոգեբանության» վերաբերյալ նրա պնդմանը, ապա փոքր-ինչ տարօրինակ է, որ ժողովրդի «ոչխարի հոտի հոգեբանության» մասին խոսում է նա, ով ընդամենը երկու ամիս առաջ ընտրություններում այդ նույն ժողովրդի ձայների մեծամասնությունն է ստացել։ Երեւի Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ չէ, որ ոչխարի հոտը սովորաբար գնում է այծի (ռուսերեն՝ կազյոլ) հետեւից։ Իսկ եթե տեղյակ է (մարդը վերջերս Ռուսաստան էր գնացել), ուրեմն՝ նրա հայտարարությունը կարելի է գնահատել որպես կառուցողական ինքնաքննադատություն»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում