Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակում համագործակցության հարցեր

Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակում համագործակցության հարցեր

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հունվարի 24-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ինչպես երկկողմ օրակարգային, այնպես էլ՝ միջազգային հարթակում համագործակցությանն առնչվող հարցեր։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կոչ անելով աջակցել Լատվիայի խորհրդարանում այն վավերացնելու ուղղությամբ իրականացվելիք ընթացակարգային գործընթացին։ Առանձնահատուկ կարևորելով ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ Լատվիան ամենաբարձր մակարդակով կմասնակցի գագաթաժողովին:

Դեսպանը ներկայացրեց մինչ օրս Լատվիայում դեսպանության կազմակերպած մշակութային միջոցառումները, խոսեց 2018թ. ծրագրերի մասին: Երկուստեք անդրադարձ եղավ հայ-լատվիական տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությանը, որի համատեքստում դեսպան Մկրտչյանը նշեց, որ հայկական կապիտալի աննախադեպ ներդրման շնորհիվ հնարավոր դարձավ Ռիգայի Կեմպինսկի հյուրանոցի վերանորոգումն ու վերաբացումը:

Դեսպան Մկրտչյանը պետքարտուղար Պիլդեգովիչին ներկայացրեց նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Երկուստեք կարևորվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում