Արցախի արտգործնախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին

Արցախի արտգործնախարարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունվարի 26-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին, ով Ստեփանակերտ է ժամանել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթացի ձեռքբերմանն ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Անդրադառնալով Արցախում պետականաշինության գործընթացում առկա ձեռքբերումներին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հավատարմությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա անկախ պետականության ամրապնդմանը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի պատրաստակամությունը ԵՄ հետ համագործակցության հարցում՝ ուղղված Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ համագործակցությունն Արցախի հետ իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործում, քանի որ կցուցադրի Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում