Սիրիայի հյուսիսում քրդական հարցը սրելով` ԱՄՆ-ն շեղում է ուշադրությունը Երուսաղեմից

Սիրիայի հյուսիսում քրդական հարցը սրելով` ԱՄՆ-ն շեղում է ուշադրությունը Երուսաղեմից

Սիրիական կոնֆլիկտի կարգավորման քաղաքական գործընթացին թուրքական գործողությունները ռազմական տարր են ավելացնում: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ փորձելու է ստեղծել ռազմականացված քրդական ջոկատներ: Ահա դա հրահրեց այն իրավիճակը, որն այսօր առկա է Սիրիայի Աֆրին քաղաքում:

«Եթե նկատել եք, այս ընթացքում համաշխարհային մեդիայում, կարծես, մոռացվեց, որ Երուսաղեմը ճանաչվեց Իսրայելի մայրաքաղաք: Սիրիայի հյուսիսում քրդական հարցի սրացումը, Աֆրինում Թուրքիայի գործողությունները շեղում են ուշադրությունն այդ խնդրից: Ստացվում է, որ Երուսաղեմի հարցում ԱՄՆ-ի հիմնական ընդդիմախոս Թուրքիան այսօր զբաղված է իր կենսական շահերի անվտանգությունն ապահովելու խնդրով»,-ասաց Հայկ Քոչարյանը:

Արաբագետը նկատեց, որ Աֆրինում առկա իրավիճակը նոր իրողություն է ի հայտ բերում: Մինչ այդ քրդական տարրը դարձել էր շատ ինքնուրույն և փորձում էր խաղացող դառնալ ներսիրիական դաշտում: Այսօր, Աֆրինում թուրքական գործողություններով պայմանավորված, քրդական կողմից հնչում են կոչեր` ուղղված Սիրիայի կենտրոնական իշխանությանը, որ գա սահմանը պաշտպանի: Հայկ Քոչարյանի խոսքով՝ մինչ այդ քրդերը կենտրոնական Դամասկոսի հետ խուսափում էին նման հարցեր քննարկել:

Արաբագետը չի շտապում Թուրքիայի հաջողությունների մասին խոսել: Նա նկատեց, որ կայծակնային հաջողությունը, որ Էրդողանը խոստանում էր, չկա:

«Այս գործընթացը ռեսուրսներ վատնող, հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություն է: Շատ հարմար դիրք է այլ խաղացողների համար, Թուրքիային ներգրավում են այս գործընթացում` բեռնելով նոր խնդիրներով»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ համայնքին` Հայկ Քոչարյանը նշեց, որ Աֆրինում հայ համայնք, որպես այդպիսին, չկա: Բայց հարակից Հասաքե շրջանում կան հայեր: Արաբագետը նշեց, որ իրավիճակը լարված է, բնակիչներն ակնհայտորեն զգում են ռազմական գործողությունների ազդեցությունը: Նա ընդգծեց, որ հայ համայնքին ուղղված անմիջական սպառնալիք, միգուցե, այս պահին չկա, սակայն Թուրքիայի կողմից ներգրավված ուժերը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ոչ միայն հայերի, այլև մյուս խմբերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում