Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հոլոքոստի և ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հոլոքոստի և ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում հրեա ժողովուրդը իրեն պաշտպանված է զգում: Հունվարի 27-ին Երևանի Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

«Հունվարի 27-ին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը ազատագրվել էր Խորհրդային միության զորքերի կողմից: Այդ ճամբարում սպանվել էին ավելի քան 2 միլիոն մարդ: Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը Երևանում ստեղծվել է, որպեսզի չմոռացվի այդ սարսափելի պատմությունը և փոխանցվի հաջորդ սերունդներին: Ցավոք, այսօր աշխարհում նորից նկատվում են ֆաշիստական, քսենոֆոբիական և հակասեմական դրսևորումներ, սակայն Հայաստանում հրեա համայնքը իրեն պաշտպանված է զգում»,- ասաց Վարժապետյանը:

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը համոզված է, որ կգա մի օր և հրեա ժողովուրդը նույնպես կդատապարտի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Աշխարհի շատ երկրներում հիշում են Հոլոքոստի զոհերին և այդ հիշողությունը մեր մեջ է: Յուրաքանչյուրս այդ հիշողությամբ ապրում ենք: Հուշարձանի վրա գրված երկու բառերը «Ապրել. Չմոռանալ» հենց այն էություն է, որով պետք է պայքարենք նման երևույթների դեմ: Մարդկության կողմից չդատապարտված ոճիրներն իրենց մեջ շատ մեծ բացասական ներուժ կարող են պարունակել: Եթե երկրները չդատապարտեն մարդկության նկատմամբ ոճիրները, դրանք կարող են նորից ու նորից կրկնվել: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հասկանա, որ ինքն ունի պարտք ոչ միայն իր ցավը հիշելու, այլ նաև դիմացինի ցավը հիշելու: Մեկս մյուսի ցավը կիսելով կարող ենք մեր մարդկությունը ազատել ապագայում այդպիսի ոճիրները կրկնելուց: Ես առավել քան համոզված եմ, որ կգա ժամանակ և հրեա ժողովուրդը կդատապարտի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը` դրանով ևս մեկ քայլ կատարելով այն գերխնդրի լուծմանը, որը մեր բոլորի ցանկություն է, որպեսզի ապագա սերունդները զերծ մնան այդպիսի ողբերգությունից»-, ընդգծեց Մինասյանը:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, որ Հայաստանում հրեա համայնքին հնարավորություն են ընձեռել ապրելու, զարգանալու և բարգավաճելու:

«Շատ հաճախ մարդկանց կարող է թվալ, թե աշխարհում կատարվող բոլոր չարիքները կանխելու համար իրենք շատ քիչ բան կարող են անել, սակայն հրեաների մոտ շատ լավ ու հետաքրքիր ասացվածք կա` աշխարհը փոխելու համար կարող եք սկսել օգնելով մեկ անձի: Այսօր այն օրն է, որ մենք կարող ենք օգնել մեկ մարդու, որպեսզի կարողանանք պայքարել ռասիստական, հակասեմական դրսևորումների դեմ»,- եզրափակեց Միլսը:

Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը հարգանքի տուրք մատուցեցին նաև հրեա համայնքի և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հայ-իսրայելական հարաբերություններում մեծ ներդրում ունեցած անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում