Զինված ուժերն էին Հայաստանի անկախության գլխավոր ձեռքբերումը

Զինված ուժերն էին Հայաստանի անկախության գլխավոր ձեռքբերումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևորագույն տոնի կապակցությամբ:

Մենք առաջին հերթին երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի ստեղծման ակունքներում և նրանց, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը մեր անկախության և մեր հաղթական բանակի կերպարը կերտելու համար:

Հայոց բանակի կազմավորումը տեղի է ունեցել մեր անկախ պետականության ամենածանր տարիներին՝ պարտադրված պատերազմի պայմաններում, և այսօր հպարտությամբ ենք նշում, որ մեր Զինված ուժերն էին Հայաստանի անկախության առաջին ու գլխավոր ձեռքբերումը:

Այսօր անհնար է գերագնահատել Հայոց բանակի դերն ու նշանակությունը: 2016թ. ապրիլին, երբ հակառակորդի կողմից Արցախի նկատմամբ տեղի ունեցավ լայնածավալ ռազմական ագրեսիան, մեր բանակը կրկին ապացուցեց իր մարտունակությունը՝ ցույց տալով, որ միշտ պատրաստ է պատասխանել մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Այսօր մենք հպարտությամբ ենք հիշում այն քաջ տղաներին, ովքեր իրենց վրա վերցրեցին այդ հարվածը:

Բոլոր զինծառայողներին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում