«Ձիթենու ճյուղ» գործողության դեմ հանդես եկող թուրք բժիշկները ձերբակալվել են

«Ձիթենու ճյուղ» գործողության դեմ հանդես եկող թուրք բժիշկները ձերբակալվել են

Սիրիական Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների դեմ հայտարարություն հրապարակած Թուրք բժիշկների միության (TTB) անդամները ձերբակալվել են: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրք բժիշկների միության կենտրոնական խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին ասվում էր, թե «պատերազմը ժողովրդի առողջության հարցն է»: «Որպես բժիշկներ զգուշացնում ենք՝ ցանկացած բախում, ցանկացած պատերազմ ֆիզիկական, հոգեկան, սոցիալական առողջության տեսանկյունից չվերականգնվող խնդիրներ է առաջացնում և մեծ մարդկային դրամայի պատճառ դառնում: Ոչ ենք ասում պատերազմին, թող անմիջապես խաղաղություն լինի»,- ասվում էր հայտարարության մեջ:

Այս հայտարարությանը խիստ արձագանք էր տվել նախագահ Էրդողանը, իսկ Անկարայի գլխավոր դատախազությունը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու և ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսել:

Արդյունքում հունվարի 30-ի առավոտյան ձերբակալվել են Թուրք բժիշկների միության 11 անդամ, այդ թվում և նախագահը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում