Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Հայկը բուհում է սովորում, Ավետիսը՝ համառ պայքար է մղում քայլելու համար

Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Հայկը բուհում է սովորում, Ավետիսը՝ համառ պայքար է մղում քայլելու համար

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած Հայկ Թորոսյանն ու Ավետիս Զարգարյանն իրենց ընկերների հետ լիարժեք կյանքին վերադառնալու հաստատուն քայլեր են իրականացնում։ Տղաներն արդեն վերականգնողական բուժումը շարունակում են Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում գործող մասնագիտացված և նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում։ Ու թեև առանց սարքավորումների էլ հնարավոր է եղել մասնագետների օգնությամբ առողջական վիճակում լուրջ առաջընթաց արձանագրել, բայց տղաներն ու նրանց ծնողները վստահ են, որ հետայսու տարվող աշխատանքներն առավել արդյունավետ կլինեն։

Հայկ Թորոսյանի խոսքով՝ լիովին ապաքինվելու հույսը միշտ էլ մեծ է եղել իր մոտ, ինչը նաև ստացել է շրջապատողներից։ «Միայն սարքավորումները չեն, բժիշկների, մասնագետների հանդեպ վստահությունն է շատ մեծ եղել։ Հասկանում ես, որ մարդիկ իրոք ուզում են, որ դու վերականգնվես»,-ասում է 2016 թվականի ապրիլի 2-ին գանգուղեղի բեկորային վնասվածք ստացած Հայկը, ով առաջին օրերին կոմայի մեջ էր, իսկ գիտակցության գալուց հետո խոսել չէր կարողանում, հաղորդակցվում էր գրելու միջոցով։ «Ես այն օրը մտածում էի՝ ինչ լավ է գրելը չեմ մոռացել։ Հոսպիտալում չէի կարողանում խոսել, գրելով էի հաղորդակցվում»,-ասում է նա։

Մինչ վերականգնողական կենտրոնի բացումը, ստացիոնար բուժում էր ստանում Միքայելյան հիվանդանոցում, այստեղ արդեն ամբուլատոր պայմաններում կշարունակի սպասարկվել։ Հայկն ասում է, որ հիվանդանոցից դուրս փորձում է ինտեգրվել կյանքին, մի փոքր անսովոր է, առաջվա ճկունությունն ու շարժունակությունը չունի, բայց ամեն ինչ անում է հաղթահարելու համար։ «Սովորում եմ Պետական համալսարանի սոցիալական աշխատանքի բաժնում հեռակա կարգով։ Երկրորդ կուրս եմ, դեպքերից հետո եմ ընդունվել»,-պատմում է Հայկը։ Ապագայի պլաններից խոսելիս ժլատ է, միայն ասում է՝ «Ուզում եմ, որ լավ լինի»։

Ավետիս Զարգարյանն այսօր ոտքերին երբեմնի ուժը վերադարձնելու համառ պայքարի մեջ է, փորձում է կրկին ինքնուրույն քայլել։ Ապրիլյան քառօրյայի հերոսի հետ մինչ օրս կատարվածը՝ ծանր վիրավորումը հրամանատարի դին վերադարձնելու ժամանակ, մայրը՝ Սոնյա Զարգարյանը, իսկական հրաշք է համարում։ «Ոչ մի բժիշկ ոչինչ չի կարող խոստանալ, բայց հրաշքներ լինում են, ու մենք հույսներս չենք կորցնում։ Տեսնում ենք դրական արդյունքը, ինքը բարի գործի համար էր գնացել, պետք է բարին հաղթի։ Այն, որ ինքը կա ու քայլ է գցում, մեծ հրաշք է, իրեն զրո տոկոս հույս էին տալիս։ Հուսով եմ, որ այս նոր սարքավորումների շնորհիվ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Որ դատարկ ձեռքերով այս ամենին հասել են երեխաները, սարքավորումներով ավելիին ենք հասնելու, վստահ եմ»,-ասում է զինվորի մայրը։

Թե ինչ ապրումների միջով են անցել ու անցնում, իրենց է հայտնի, ասում է՝ երևի ուժեղ ենք, որ կարողանում ենք դիմանալ ու ցույց չտալ մեր տառապանքները։ «Ավետը, որ տեսնում է տխուր ենք, բարկանում է, ասում է մի տխրեք, ամեն ինչ նորմալ է։ Մեր ամենամեծ երազանքն է, որ նա վերականգնվի ու լիովին առողջ լինի։ Մեզ խոստացել է, որ հաջորդ անգամ իրեն են նկարելու ու արդեն քայլելուց»։

Ավետիսը հավատում է, որ կամաց-կամաց ամեն ինչ ստացվելու է։ Հիմա պայքարում է քայլելու համար, ընթացքում նաև պիտի վերականգնի գրելու կարողությունը, իսկ մինչ այդ անգլերեն է սովորում կամավորական մի աղջկա օգնությամբ, ով ինքն է առաջարկել պարապել տղաների հետ։ Հետագա կրթության և անելիքների մասին ասում է․ «Նպատակ ունեմ վերականգնվեմ, հետո արդեն մնացածի մասին կմտածեմ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում