Լատինական Ամերիկայում հայերը պետք է ցույցերով դիմավորեին Էրդողանին. նա չեղարկել է այցը

Լատինական Ամերիկայում հայերը պետք է ցույցերով դիմավորեին Էրդողանին. նա չեղարկել է այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկա այցի չեղարկումը զուգադիպել է այդ երկրներում հայկական համայնքի կողմից նախատեսվող բողոքի ցույցեր կազմակերպելու որոշման հետ: Այս մասին հայտնում է Prensa Armenia գործակալությունը:

Թուրքիայի նախագահը պատրաստվում էր փետրվարի 5-ին Վատիկան, ապա Իտալիա այցելելուց հետո պատրաստվում էր այցելել Լատինական Ամերիկայի երկրներ: Սակայն վերջին օրերին տեղական շատ պարբերականներ սկսել էին գրել այն մասին, որ Ուրուգվայում հայկական համայնքը խիստ դժգոհ է այդ այցի կապակցությամբ: Բացի այդ, հայտնի էր դարձել, որ Էրդողանի այցի դեմ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել:

Թուրքիայի կառավարության մի շարք գործակալներ անգամ այս շաբաթ այցելել էին Ուրուգվայ՝ ապահովելու նախագահի անվտանգությունը:

Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբից հայտնել են, որ Էրդողանի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները ցույց են տվել, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման թիրախը Ուրուգվայն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման իր քաղաքականությամբ:

Փետրվարի 5-ին Էրդողանը պետք է այցելեր Վատիկան և Իտալիա, այնուհետև Բրազիլիա, Ուրուգվայ և Վենեսուելա: Սակայն Թուրքիայի նախագահականից հայտարարություն է արվել, որում նշվում է, թե նախագահի արտերկրա այցը կսահմանափակվի միայն Վատիկանով և Իտալիայով: Թե որն է Լատինական Ամերիկա այցը չեղարկելու պատճառը, դեռևս հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում