Սլովակիան կիրականացնի բոլոր քայլերը ՀՀ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու համար

Սլովակիան կիրականացնի բոլոր քայլերը ՀՀ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու համար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոնի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ Ռոբերտ Ֆիցոնը գոհունակությամբ նշել է, որ Սլովակիայի Հանրապետությունը միջխորհրդարանական հարթակներում կարողանում է գործընկեր լինել Հայաստանի Հանրապետության համար:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կողմից շենգենյան պետությունների քաղաքացիների մուտքի արտոնագրի ազատականացումը եւ վստահեցրել, որ Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ: Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում համագործակցությանը, այդ թվում երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառությանն առնչվող հարցեր. Սլովակիայի վարչապետը հույս է հայտնել, որ ապագայում առեւտրաշրջանառության ծավալները կաճեն, ինչի համար իր երկիրը կիրականացնի անհրաժեշտ բոլոր քայլերը:

Արա Բաբլոյանը, խոսելով երկու պետությունների բարեկամության մասին, մասնավորապես նշել է. «Մենք ունենք համընդհանուր արժեքներ ու նպատակներ, որոնք պետք է պահպանենք ու առավել ամրապնդենք»: Նա խորհրդանշական է համարել այն իրողությունը, որ երկու պետություններն այս տարի նշում են իրենց առաջին հանրապետության 100-ամյակը: Արա Բաբլոյանը կարեւորել է Սլովակիայի եւ Հայաստանի կառավարությունների փոխգործակցության առավել ակտիվացումը, ինչն իր հերթին կհանգեցնի բարեկամական կապերի խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության բարելավմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Արա Բաբլոյանն ընդգծել է այս հարցում Սլովակիայի Հանրապետության հավասարկշիռ մոտեցման անհրաժեշտությունը՝ անթույլատրելի համարելով հակամարտությունների լուծման ուժային մեթոդները:

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոնն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում, մասնավորապես, Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցերում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշումը հստակ է եւ անփոփոխ:

«Սլովակիայի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ ժամկետներում կավարտի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներպետական վավերացման գործընթացն ու հարկավոր փաստաթղթերն անմիջապես կուղարկի Սլովակիայի խորհրդարան»,- ասել է վարչապետը՝ վստահեցնելով, որ իր երկիրը բաց է ակտիվ համագործակցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում