Մակրոնը բացում է Հայոց ցեղասպանության թղթապանակը. Ֆրանսիայի նախագահի ելույթը թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Մակրոնը բացում է Հայոց ցեղասպանության թղթապանակը. Ֆրանսիայի նախագահի ելույթը թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը և դրա ընթացքում Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական ԶԼՄ-ները տագնապով արձանագրել են, որ Մակրոնը «բացում է Հայոց ցեղասպանության թղթապանակը»:

Թուրքական ամենաընթերցվող պարբերականներից մեկը՝ «Միլլիեթ»-ը, գրում է, որ Մակրոնը մասնակցել է ընթրիքին, որին ներկա են եղել հայկական լոբբիի հայտնի դեմքեր: «Ինչպես և խոստացել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Մակրոնն ասել է, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ներառելու է օրացույցում: Նա լսել է հայկական լոբբի պահանջները»,- գրում է պարբերականը:

«Սաբահ» պարբերականը հրապարակել է լուրը «Մակրոնի երկրորդ ամբարտավան ելույթը» վերնագրով՝ հիշատակելով, որ նախօրեին նա իր դժգոհությունն էր հայտնել սիրիական Աֆրին շրջանում Թուրքիայի գործողությունների առնչությամբ: «Այս անգամ օրակարգ բերելով 1915 թվականի դեպքերը՝ նա շարունակեց իր սադրիչ վերաբերմունքը»,- գրում է լրատվամիջոցը:

Լրատվամիջոցներից մյուսը՝ «Սթար»-ը, մեջբերել է Մակրոնի խոսքերը, որտեղ Ֆրանսիայի նախագահն ասել էր. «Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության համար պայքարը բոլորիս պայքարն է: Մենք միանում ենք այդ պայքարին՝ աջակցելով ցեղասպանության հիշատակի օրն օրացույցում ամրագրելու նախաձեռնությանը»:

Haber7-ը գրում է. «Անկարային զայրացրած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ ասել էր, թե դա չպետք է վերածվի Սիրիայի հյուսիսը օկուպացնելու գործողության, հայտարարել է, որ Ֆրանսիայում այսպես կոչված «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» է հայտարարվելու»:

Թուրքական NTV-ն մեջբերել է Մակրոնի խոսքերը՝ նշելով. «Հայկական պնդումները կրկին կարող են խորհրդարանի օրակարգ բերվել»: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է տվել այն մասին, որ Ֆրանսիայի խորհրդարանն առաջիկա ամիսների ընթացքում կարող է կրկին օրակարգում ներառել 1915 թվականի դեպքերը»,- գրում է լրատվամիջոցը:

Խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցը կրկին ներառելու մասին Մակրոնի հայտարարությունն է շեշտադրել նաև «Աքշամ» պարբերականը՝ նշելով, որ ընթրիքին մասնակցել է նաև Թուրքիայի հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Թուրքական «Իհլաս» գործակալությունը լուրը հրապարակել է «Սկանդալային որոշում Ֆրանսիայում» խորագրով՝ նշելով, որ այդ երկրում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարող է պաշտոնապես ամրագրվել ֆրանսիական օրացույցում:

Ազգայնական «Yeniçağ» («Յենիչաղ») պարբերականն էլ նշել է, թե «Մակրոնը շարունակում է հակաթուրքական նախաձեռնությունները»: Միաժամանակ այն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, որում Մակրոնը նշել էր, թե ներկայում ԼՂ այցելությունը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացին:

Իսկ BirGün պարբերականը լուրը հրապարակել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Փայլանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ» խորագրով՝ գրելով, որ մեջլիսի պատգամավորը հորդորել է աչալուրջ լինել Աֆրինում տեղի ունեցող գործողությունների առնչությամբ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին մանրամասնորեն լայնածավալ հոդվածով անդրադարձել են գերմանական Deutsche Welle-ի և ռուսական Sputnik-ի թուրքական ծառայությունները:

«Մակրոնը բացում է հայկական թղթապանակը». նման խորագրով է նյութը հրապարակել Deutsche Welle-ն՝ նշելով, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները առաջիկա ամիսներին Հայոց ցեղասպանության հարցի պատճառով կարող են կրկին ճգնաժամ ապրել, քանի որ Մակրոնն ուղերձ է հղել այն մասին, որ հարցը կարող է ներառվել խորհրդարանի օրակարգ: Լրատվամիջոցը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահը հատուկ ողջունել է մեջլիսի պատգամավոր Փայլանին՝ նշելով, որ նրա պես անձինք, ովքեր պայքարում են մարդու իրավունքների համար, պետք է աջակցություն ստանան: Deutsche Welle-ն հայտնել է նաև, որ ընթրիքի ժամանակ պատգամավորն արժանացել է Փարիզի քաղաքապետի պատվո մեդալի:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին Մակրոնի հայտարարությունները տեղ են գտել մի քանի տասնյակ այլ թուրքական լրատվամիջոցներում ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում