ՀՀ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու արձանագրված գնաճի և դրա ազդեցության վերաբերյալ

ՀՀ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու արձանագրված գնաճի և դրա ազդեցության վերաբերյալ

Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում արձանագրված գնաճի և դրա ազդեցության վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին: «Սակայն ես նշեմ, որ մենք ունենք 7.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը մեր տարածաշրջանում ամենաբարձրն է, և ունենք 2.5 տոկոս գնաճ, որն ամենացածրն է: Անգամ գնաճ կա այնպիսի երկրներում, որտեղ պետությունը ուղղակիորեն ազդեցություն ունի ապրանքների գների վրա՝ Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ գնաճի պատճառները երկուսն են՝ արտաքին գործոններ, որի վերաբերյալ կառավարությունը պարզաբանումներ տվել է, և կառավարության քայլերը, որոնք հանգեցնում են գների բարձրացման: «Ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու արդյունքում բենզինը թանկացել է, սակայն բենզինի թանկացումը որևէ ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետև բենզինով փոխադրումներ չեն լինում: Թանկացել է նաև սեղմած գազը, բայց մենք հիմա ունենք սեղմած գազի այն գինը, որը եղել է երկու տարի առաջ, այսինքն, այս գինը նորություն չէ սեղմած գազ օգտագործողի համար: Դիզելային վառելիքի պարագայում ավելացված արժեքի հարկման դաշտում աշխատող գյուղացիները շահելու են, իսկ նրանք, ովքեր այդ դաշտում չեն, սուբսիդավորվելու են կառավարության կողմից»,– ընդգծեց նա:

Վարչապետը նկատեց, որ Հայաստանում առկա գնաճի թվերը տարածաշրջանում լավագույնն են, ավելի լավն են, քան այն երկրներում, որոնց կառավարություններն անմիջական ազդեցություն ունեն գների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում