Հաշմանդամություն ունեցողներին մտահոգում են զբաղվածության խնդիրները. պետական մարմինը նրանց կողքին է

Հաշմանդամություն ունեցողներին մտահոգում են զբաղվածության խնդիրները. պետական մարմինը նրանց կողքին է

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք մտահոգ են աշխատանք գտնելու խնդրով, զբաղվածության դաշտում նրանց աշխատանքի հնարավորություններով զբաղվող կառույցը պնդում է, որ իր շահառուների կողքին է և նրանց աջակցում է աշխատանք գտնելու հարցում։ Սակայն գործակալության աշխատանքից բողոքող հաշմանդամություն ունեցողները խոսում են հակառակի մասին։

«Արմենպրես»-ը փորձել է լսել երկու կողմերին էլ, ովքեր հայտնել են իրենց կարծիքներն ու մտահոգությունները։

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը, ներկայացնելով հաշմանդամություն ունեցողների զբաղվածությունն ապահովող ծրագրերը և շահառուների վիճակագրական տվյալներ, խոսեց նաև կառույցի աջակցության հարցերից և խնդիրներից։

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցման հարց

Զբաղվածության պետական գործակալության հիմնախնդիրներից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցման հարցն է։ Այս դաշտում բավականաչափ և՛ ձեռքբերումներ, և՛ խնդիրներ ունենք։ Խնդիրներից առաջինն այն է, որ մենք մեր շահառուներին հնարավորինս շատ կարողանանք ուղղորդել դեպի կենտրոններ, գտնենք և, այսպես ասած, հանենք տներից։ Վերջին տարիներին մեր ցուցանիշները վկայում են, որ փոփոխություններ կան. 2015 թվականին ունեինք մոտ 2500 հաշվառված հաշմանդամ, իսկ 2017 թվականին՝ մոտ 2900։ Այդ երկու տարիների ընթացքում ունեցել ենք բավականաչափ շարժ։ Լինում են նաև այլ խնդիրներ, օրինակ՝ միշտ չենք կարողանում գտնել այն ճիշտ շահառուին, ում կարող ենք ուղղորդել հաշմանդամների համար սահմանված ծրագրով։ Պատճառներն ընդհանուր են՝ տրանսպորտի, շենքերի և զբաղվածության ծառայություններից որոշների մատչելիությունը չի համապատասխանում պահանջներին։ Դեպքեր են լինում, երբ մարդիկ իրենց բնակարաններից դուրս գալու հնարավորություն չեն ունենում, և կա նաև հենց աշխատավայրի մատչելիության խնդիրը։

Չափորոշիչներն ու վիճակագրական տվյալները

Ընդհանրապես աշխատանք փնտրող, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձը, երբ դիմում է զբաղվածության տարածքային կենտրոն, առաջինը գնահատվում է նրա աշխատանքային կարիքները։ Կախված նրա հիվանդության տեսակից, հաշմանդամության կարգից, կրթությունից, հետաքրքրություններից՝ մենք պարզում ենք, թե ինչ հնարավորություններ ունի նա շուկայում։ Նախնական գնահատում է արվում, ինչից հետո մարդուն միջնորդում ենք գործատուի մոտ, որպեսզի տվյալ անձն աշխատի կամ ծրագրերի միջոցով փորձում ենք լուծել նրա զբաղվածության խնդիրը։ 2015 թվականին ծրագրերում ընդգրկված ունեցել ենք 750 հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 2016-ին՝ մոտ 1060։ 2017 թվականի ցուցանիշը փոքր էր, քանի որ մեզ համար մի փոքր դժվար տարի էր այն առումով, որ ծրագրերի մեծ մասը ֆինանսավորում չունեցավ։ Ունենք նաև աշխատանքի տեղավորման ցուցանիշներ. 2015 թվականին մենք տեղավորել ենք 723 մարդու, 2016-ին՝ այդ ցուցանիշը հասել է 990-ի։ 2017 թվականին կրկին ցուցանիշը փոքր էր՝ 187 հաշմանդամություն ունեցող անձ։

Ծրագրեր

Առաջինը «Աշխատավարձի մասնակի փոխհատուցման» ծրագիրն է, որի նպատակն է գործատուին փոխհատուցել անձին տրամադրվող աշխատավարձի 50 տոկոսը և այդպիսով շահագրգռել նրան աշխատանքի վերցնել հաշմանդամություն ունեցող անձի։ Ծրագիրը տևում է 1,5 տարի, բայց մենք ֆինանսավորում ենք 6 ամիսը։ Գործատուի հետ պայմանագիր է կնքվում, որ ևս 1 տարի տվյալ անձը պետք է աշխատի իր ընկերությունում։ Ակնկալում ենք, որ եթե մարդը նույն աշխատավայրում մեկուկես տարի աշխատում է, կարող է դրսևորել իր ամբողջ պոտենցիալը։ Հաճախ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում դա շատ լավ է ստացվում, և նա դառնում է կայուն զբաղված։ Հաջորդ ծրագիրը՝ «Միանվագ փոխհատուցման ծրագիրն» է։ Այստեղ գործատուին որոշակի միանվագ գումար է տրամադրվում (գումարի չափը փոփոխվում է 50-200 հազար՝ ըստ մարդու կարգավիճակի) և պայմանագիր է կնքվում 1 տարի ժամկետով։ Այդ գումարի դիմաց գործատուն 1 տարի պարտավորվում է սովորեցնել, աշխատանք տալ հաշմանդամություն ունեցող անձին կամ անձանց։ Շատ լավ ծրագիր է նաև մասնագիտական ուսուցման ծրագիրը, որովհետև, երբեմն այս խմբի մարդիկ կրթության հետ խնդիրներ են ունենում, և այս կարճաժամկետ ծրագրերով փորձում ենք աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ ուսուցանել, որպեսզի աշխատանք գտնելու հնարավորությունները մեծանան։ Մարզերում ունենք «Սեզոնային զբաղվածության խթանման ծրագիր», որտեղ բավականին մեծ են մեր տեղավորած հաշմանդամություն ունեցող անձինք։ Օրինակ՝ 2015 թվականին տեղավորել ենք մոտ 500 մարդու, 2016-ին՝ շուրջ 730, իսկ 2017-ին ֆինանսավորում չլինելու պատճառով չենք տեղավորել։ Մարզերում ծրագրի նպատակն է սեփական հողատարածք ունեցող գյուղացիներին, աշխատավարձի տեսքով վճարել գումար, որպեսզի նրանք, ովքեր դժվարություններ ունեն այդ հողակտորները մշակելու հարցում, կարողանան նաև վարձու աշխատողներ ներգրավել։ Սա բավականին հետաքրքիր, պահանջված ծրագիր է և իրականացվում է 2014 թվականից։ Մի շարք խնդիրներ են լուծվել այս ծրագրի շնորհիվ՝ չմշակված հողատարածքները կարգի են բերվում, մարդիկ մինչև բերքը ստանալը որոշակի եկամտի աղբյուր են ունենում։ Այս ամենն իրականացվել է որոշակի առաջնահերթություններով, այսինքն՝ կարող են ընդգրկվել այն ընտանիքները, որոնք ներառված են ընտանեկան նպաստի համակարգում, որոնց ընտանիքի կազմում հաշմանդամություն ունեցող անձ կա, երկու և ավելի երեխա և այլն։

Բողոքներ

Միանշանակ լինում են բողոքներ, քանի որ այս խմբի հետ աշխատանքը և՛ իրենց, և՛ մեզ համար բարդ է, և ոչ միշտ է հաջողվում գործատուին համոզել աշխատանքի ընդունել լուրջ տեսողական, լսողական կամ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։ Երկար տարիների աշխատանքի ընթացքում այս խմբերի հետ կապված երկու դիտարկում ենք արել։ Մի դեպքում նրանց ինքնագնահատականը շատ ցածր է, և դա խանգարում է, օրինակ, գործատուին ներկայանալու, իրենց ունեցած ներքին պոտենցիալը բացահայտելու հարցերում։ Մյուս խումբն էլ պատկանում է այն մարդկանց դասին, ովքեր խիստ բարձր ինքնագնահատական ունեն՝ առաջարկվող աշխատավարձերն իրենց չեն գոհացնում, հստակ աշխատավարձի պայման են դնում կամ կոնկրետ գործատուին իրենք են առաջարկում և այլ նմանատիպ խնդիրներ։ Այս ամենը կարող է կախված լինել մարդու հիվանդության տեսակից, որովհետև մեր շահառուները կարող են լինել նաև հոգեբանական խնդիրներ ունեցող անձինք։ Մեր համակարգում հոգեբանի հաստիք չունենք, որպեսզի այս բոլոր դեպքերն առանձին մանրակրկիտ աշխատանք տարվի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների մասին իր բողոքը հայտնեց դեռ 2005 թվականից ավտովթարի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 36-ամյա Կարեն Նազարյանը։ Նրա աջ ոտքն ամբողջությամբ պրոթեզավորված է։ Կարենը հաշվառված է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում որպես իրենց շահառու, սակայն բողոքում է, որ արդեն 4 տարի է աշխատանք չի կարողանում գտնել։ Նազարյանը այդ կառույցի կողմից աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման ծրագրերը ձևական է համարում։ ՀՀ քաղաքացին մասնակցել է գործակալության կազմակերպած մասնագիտական ուսուցման դասընթացներին, երկու անգամ աշխատանքի է տեղավորվել, մի քանի անգամ էլ տարբեր հիմնավորումներով մերժել աշխատանքի առաջարկները։ Կարեն Նազարյանը նշում է, որ հենց պրոթեզավորված անձանց հանդեպ կարծես խտրականություն լինի և չի հասկանում՝ իրականում իրենք հաշմանդամություն ունեցողների շա՞րքն են դասվում, թե ոչ։ Նա այս եզրահանգմանն է եկել, քանի որ, իր խոսքով, ավելի հաճախ աշխատանքի տեղավորում են հաշմանդամության սայլակով անձանց, կույրերին, խուլ ու համրերին, իսկ պրոթեզավորված անձինք մնում են ստվերում։

Գործակալությունում այս տեղեկությունը հերքեցին և ասացին, որ իրենք տարբերություն չեն դնում՝ անձը պրոթեզավորված է, հաշմանդամի սայլակի վրա նստած, կույր է, թե խուլ ու համր։

Գործատուների շրջանում տարածված կարծրատիպեր

Տարիների ընթացքում բավականին տարբերություն կա այս խնդրի հետ կապված, որովհետև 2000-ականների սկզբում որևէ գործատու անգամ չէր ցանկանում լսել, երբ առաջարկում էինք ծրագրի միջոցով հաշմանդամություն ունեցող անձի վերցնելու տարբերակ։ Այսօր արդեն բավականին փոփոխված մոտեցումներ են, բայց, միևնույն է, դեռ կան գործատուներ, ովքեր աշխատանքի ընդունվողը հաշմանդամին պատկերացնում են մի մարդ, ով ընդունակ չէ աշխատելու։ Մինչդեռ մենք հրաշալի ծրագրեր ունենք, որոնք ապացուցել են տվյալ աշխատանքում կոնկրետ անձի իրեն լավ դրսևորելը, քան որևէ խնդիր չունեցողը։ Կարծում եմ, մեր հանրապետությունում չկա մարդ, ով չիմանա, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք։ Նրանց աշխատանքի տեղավորման հարցում մեր գործակալությունն իր ներդրումն է ունեցել, նրանց մեծ մասը մեր ծրագրերի միջոցով են աշխատանքի տեղավորվել։ Մենք պարբերաբար հետևում ենք նրանց աշխատանքային գործունեության ընթացքին, գործատուն գոհ է եղել, իսկ այն դեպքերում, երբ դժգոհություններ են եղել միջավայրից, աշխատակազմից, գործատուն իր նախաձեռնությամբ կարողացել է այդ բոլոր դժգոհությունները հարթել։ Հաշմանդամություն ունեցող մի շարք անձանց աշխատանքի տեղավորման մեկ այլ հաջողված դեպք է նաև Security dream կազմակերպությունը։ Նրանք սկզբունքորեն իրենց հիմնական աշխատակիցներին ընտրել են հենց այս խմբից, քանի որ հիմնականում նստած բնույթի աշխատանք էր և խնդիր ունեցող անձը նույնպես կարող էր կատարել այդ աշխատանքը։ Դեպքեր են եղել, որ ծրագրով ստորին օղակում աշխատանքի ընդունված անձը կարիերայի լավ առաջխաղացում է ունեցել։ Իհարկե, աշխատանք արվում է, սակայն ասել, որ այսքանով լուծվում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները՝ սխալ կլինի։ Աշխատանքային տարիքի մոտ 100 հազար հաշմանդամություն ունեցող անձ կա, և այստեղ մի փոքր բաց կա։ Խնդիրը կայանում է նրանում, որ չկա լուրջ գնահատական, թե այդ խմբի որ տոկոսն է իսկապես ունակ աշխատելու։

Համագործակցություն այլ կազմակերպությունների հետ

Մենք համագործակցում ենք շատ կազմակերպությունների հետ՝ «Ունիսոն», «Արժանապատիվ աշխատանք» հասարակական կազմակերպությունների, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության և այլն։ Միջազգային ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք դարձյալ հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների հետ։ Նրանք նույնպես մեծ աշխատանք են անում և՛ իրավական ակտերում փոփոխությունների, և՛ հստակ ծրագրերի առումով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում