Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք կազմել, եթե կատալոնական թիմն Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճի 36-րդ տուրի շրջանակում կայանալիք «Էլ կլասիկոյից» առաջ։
-Չենք պատրաստվում «Բարսելոնայի» համար միջանցք կազմել։ Հիմա մտածում ենք «Ատլետիկոյի» հետ դերբիի մասին, ոչ թե միջանցքի։ Այս նույն հարցն ինձ տալու եք նաև 2 շաբաթ հետո, բայց պատասխանը չի փոխվելու։ Այնպես որ՝ այլևս իմաստ չկա այս թեմայով խոսելու։ Այս որոշումը ես եմ կայացրել, և վերջ։ Բացի այդ, առաջնությունը դեռ չի ավարտվել, դեռ ժամանակ կա։ «Բարսելոնան» միջանցք կազմելու ավանդույթը խախտել է դեկտեմբերին,- Զիդանի խոսքը մեջբերված է «AS.com»-ից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կայացած «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումից առաջ մադրիդյան թիմը դարձել էր Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, սակայն կատալոնացիները հրաժարվել էին «սերուցքայինների» համար չեմպիոնական միջանցք կազմել։