Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրվեց Հովհաննես Մկրտչի մասունքը

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրվեց Հովհաննես Մկրտչի մասունքը

Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը, ապրիլի 7-ին,Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թույլտվությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի խնդրանքով Գավառ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցի բերվեց Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, ավանդույթի համաձայն Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի բազմաթիվ ուխտավորներ են այցելում հենց Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Մասունքը Գավառ տեղափոխվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի եւ Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի ուղեկցությամբ։

Հովհաննես Մկրտչի մասունքը նախ դրվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հավատավոր ժողովուրդն աղոթքով եւ սրբի բարեխոսության խնդրանքով համբուրեց այն, ապա թափորը հոգեշնորհ Հայր Կիրակոսի հանդիսապետությամբ, հոգեւորականաց, դպրաց դասի հետ միասին շարժվեց դեպի Սուրբ Կարապետ եկեղեցի՝ այնտեղ տեղափոխելով մասունքը։ Եկեղեցում մատուցվեց սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի։

Պատարագի ընթացքում քարոզախոսեց հոգեշնորհ Հայր Շահենը, որից հետո հավատավոր հասարակության զգալի մասը սուրբ հաղորդություն ստացավ։ Պատարագի ավարտին կատարվեց Անդաստանի կարգ՝ նախագահությամբ թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։ Այնուհետ ներկաները տեղափոխվեցին քաղաքի մշակույթի տուն, որտեղ կատարվեց մատաղի օրհնության կարգ, եւ մատաղը, կազմակերպված Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, բաշխվեց ժողովրդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում