Մեկ օրվա գումարը

Մեկ օրվա գումարը

Մի անգամ սովորականի պես հայրը հոգնած տուն է վերադառնում աշխատանքից ու տեսնում է, որ իր հնգամյա որդին դռան առջև իրեն է սպասում .

-Հայրի´կ, կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել:

-Իհարկե, ի՞նչ է պատահել:

-Հայրի´կ, դու որքա՞ն գումար ես վաստակում:

– Քո գործը չէ… և հետո, ինչի՞դ է պետք:

– Պարզապես ուզում եմ իմանալ, ասա´, հայրի´կ, դու որքա՞ն ես վաստակում մեկ ժամում:

– Դե 500 ու ի՞նչ:

-Հա´յր, ինձ 300-ը կտա՞ս, -շատ լուրջ հայացքով նայելով հորը` ասաց տղան:

– Դու ինչ-որ հիմար խաղալիքի համար ինձնից այդքան գումա՞ր ես ուզում… ես ամբողջ օրը աշխատում եմ, հոգնում,իսկ դու՞:

Տղան կամաց հեռացավ իր սենյակը ու փակեց դուռը:

Հայրը մի փոքր անց հանգստացավ ու սկսեց մտածել. «Հնարավոր է, որ նա ինչ-որ կարևոր բան պետք է գնի… Նա ինձնից երբեք գումար չի խնդրել…»… Երբ հայրը մտավ սենյակ, տղան արդեն անկողնում էր…

-Քնա՞ծ ես, տղա’ս:

– Ո’չ, ուղղակի պառկած եմ:

-Կարծում եմ` շատ կոպիտ խոսեցի քեզ հետ. ես ծանր օր էի ունեցել, ների’ր ինձ, ահա, վերցրու գումարը, որը խնդրել էիր:

-Շնորհակալ եմ:

Հետո նա բարձրացրեց բարձն ու դրա տակից հանեց մի քանի թղթադրամ: Հայրը տեսավ,որ տղան արդեն գումար ուներ ու նորից բարկացավ: Տղան դրանք միացրեց ու նայեց հորը.

-Ինչու՞ խնդրեցիր, եթե գումար ունեիր:

-Որովհետև գումարս բավական չէր: Ահա’, այստեղ ուղիղ 500 է: Ես կարո՞ղ եմ քո ժամանակից ՄԵԿ ԺԱՄ գնել: Խնդրում եմ, վաղը աշխատանքից շուտ արի, ես ուզում եմ,որ դու մեզ հետ ընթրես:

Ռուսերենից թարգմանեց՝ Աննա Սահակյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում