«Քաղաքացական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները, ովքեր քայլերթով շարժվում են Ազատության հրապարակ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք: Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր պահանջում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:
ԵՊՀ անվտանգության ղեկավարը դեռևս դրսում գտնվող նախաձեռնության անդամներին հայտնեց, որ Արամ Սիմոնյանը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և վերջինիս խնդրեց միայնակ բարձրանալ ռեկտորի աշխատասենյակ: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պնդում էր, որ միայնակ չի բարձրանալու, այլ ակցիայի մասնակից բոլոր քաղաքացիների և լրագրողների հետ: Սակայն համալսարանի անվտանգության աշխատակիցները շարունակում էին պնդել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է միայնակ բարձրանա:
Երկար բանակցություններից հետո նախաձեռնության անդամները կարողացան բացել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դուռն ու ներս մտնել: Նրանք բարձրացան 5-րդ հարկ, որտեղ գտնվում է ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակը: Նիկոլ Փաշինյանն այս անգամ սկսեց պնդել, որ Արամ Սիմոնյանի հետ կհանդիպի միայն լրատվամիջոցների ներկայությամբ: ԵՊՀ անվտանգության աշխատակիցները շարունակում էին պնդել, որ Փաշինյանը միայնակ մտնի ռեկտորի աշխատասենյակ: Շուրջ 10-15 րոպե ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի մոտ մնալուց հետո ակցիայի մասնակիցները դուրս եկան շենքից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն, անդրադառնալով ԵՊՀ-ում դասադուլի մասին մամուլում շրջանառվող լուրերին, տեղեկացրեց, որ ապրիլի 13-ի առավոտյան մոտ երկու տասնյակ ուսանողներ ԵՊՀ բակում դասադուլի կոչեր են հնչեցրել, սակայն շենք մուտք գործելու և դասապրոցեսը խանգարելու փորձ չեն ձեռնարկել, հետևաբար՝ նրանց ոչ ոք չի խոչընդոտել իրազեկում իրականացնելու հարցում: «Չեմ բացառում, որ մի քանի ուսանող միացած լինի ակցիային, սակայն քանի որ այն չափազանց սակավամարդ է, և ԵՊՀ-ից էլ ոչ մի պահանջ չկա, կարելի է փաստել, որ դասական իմաստով դասադուլ չկա»,- ասաց ԵՊՀ մամուլի խոսնակը: