Հուշարձանների միջազգային օրը «Էրեբունի» թանգարանում «Ժառանգություն սերունդների համար» խորագրով

Հուշարձանների միջազգային օրը «Էրեբունի» թանգարանում «Ժառանգություն սերունդների համար» խորագրով

14-ը ապրիլի 2018թ.

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ազգային կոմիտեի հետ միասին ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան կմիանա միջոցառումների շարքով՝ «Ժառանգություն սերունդների համար» խորագրով:

Օրվա շրջանակում «Էրեբունի» թանգարանում կներկայացվի նոր ցուցահանդես, որի խորագիրն է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել»: Կրթադաստիարակչական ուղղվածություն ունեցող այս ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել ժառանգության ճանաչողության, արժևորման և պահպանության խնդիրները՝ երիտասարդ սերնդի մոտ պատմամշակութային հուշարձանների հանդեպ հետաքրքրություն և հարգանք առաջացնելու նպատակով:

Հուշարձանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում «Էրեբունի» թանգարանում համերգային ծրագրով հանդես կգա Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը, որի տարեց երգիչներն Օրվա միջազգային խորագրին համահունչ իրենց պահպանած ժառանգությունը կփոխանցեն երիտասարդ ունկնդիրներին:

«Էրեբունի» թանգարանում երիտասարդ հնագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը դպրոցականների և ուսանողների համար կանցկացնի դասախոսություն՝ «Հայկական լեռնաշխարհը հետուրարտական ժամանակաշրջանում. ժառանգություն և իմիտացիա» թեմայով, իսկ Օրվա ծրագիրը կեզրափակեն «Էրեբունի» թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի սաները՝ ճանաչողական շրջայց անցկացնելով թանգարանում:

«Էրեբունի» թանգարանն «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի հետ համատեղ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված վերոնշյալ միջոցառումներն իրականացնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի առաջադրած Գիտելիքների փոխանցում սերունդներին և Երիտասարդական առաջնորդություն նշանաբաններով: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին, «Էրեբունի» թանգարանում, ժամը՝ 14:00-ին :

Ցուցահանդեսը կգործի մինչև ս/թ հունիսի 18-ը:

Սկզբնաղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում