Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրել հրատարակել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն և այլն։
Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։ Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա։ Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկել, որից Կոստան Զարյանը հրաժարվել է։
1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնել է «Մեհեան» հանդեսը, որի առաջին համարը լույս է տեսել 1914 թվականի հունվարին։
1919-1922 թվականներին ապրել է Կ.Պոլսում, որտեղ 1922 թվականին, Գ. Գալֆայանի, Վահան Թեքեյանի և Շահան Պերպերյանի հետ հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը։
1922 թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը՝ «Օրերի պսակը»։ Նույն թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում` հայրենիքում ընդմիշտ հաստատվելու նպատակով։
1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: Սակայն Խորհրդային Միության ազգակործան քաղաքականության պատճառով 1924 թվականին Զարյանը կրկին մեկնել է Եվրոպա, եղել Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում։
1925 թվականին Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն)։ Ապա մեկնել է ԱՄՆ։
Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1927), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1934), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955 թ.) գործերը։
1944-1946 թվականներին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 1946 թվականին Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում:
1961 թվականին ներգաղթել է Հայաստան: 1962-1969 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Նավը լեռան վրա» վեպը (Մոսկվա, 1969 և 1974)։
Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն։
Ընտանիքը
Եղել է դաշնակահար Թագուհի Շահնազարյանի ամուսինը։
Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ։
Նոր Հայաստանում
Նոր Հայաստանում
նա է միայն մեծ
ով ամայնացած խոպան մի դաշտում
տենդոտ ձեռքերով մի ծառ է տնկում։
Նա՛ է բանաստեղծ,
որ նոյն ծառի տակ
նստում է հոգնած
եւ լսում, լսում նոր բողբոջների
ծլւող, եռացող խաղը անապակ։
Երգը գալիս է շատ հեռուներից
ինչպէս կոհակր ալեծուփ ծովի,
ինչպէս երազը վերջին այգաստղի,
ինչպէս խարշափը՝ հեռու անտառից.
գերանդիների քա՛յլը ծաւալւող
խոնարհ հասկերի աստղաթափ ծովում։
Եւ ծառր ծաղկում, դառնամ է դողդող
հրաշքների մի հարս, զմուռս, մուշկ եւ սաթ, լերկ անապատում յաւերժ մի հեքեաթ։
Ու տօ’ն է խելառ։
Եկել են, եկել,
չորս դին բոլորւել
խոտեր ու բոյսեր, ծաղկունք գեղապար.
իջել լերկ սարից
խրճիթի ճաթած տանիքից.
քաղցած ոչխարի ակռայի տակից,
ծոցից երւսզոտ սիրահար ների
գիւղացին եկած գինին է խմում
պոկւած վրիժառու շունչից հովերի.
եկել են, եկել,
ծառի տակ կանգնել
ու տաղ են ասում, ցնծում ու երգում
հարբած գինիով անուշ այս գարնան
ինչպէս կախարդւած բիւլբիւլ հազարան։
Գիշեր է գալիս, աստղերն են իջնում,
ու ոսկեմռունչ խօսքեր են անցնում
աշխարհից աշխարհ –
ասես սօսաւիւն տրոփում է անտառ
նոր խորհուրդներով։