Աստղերի հետ խոսող քարերի մաիսն

Աստղերի հետ խոսող քարերի մաիսն

Գարնանային մի գեղեցիկ գիշեր, երբ լուսնի ոսկեզօծ սկավառակը գլորվեց երկինք, տղան վերցրեց հոր կացինն ու քարանձավից աննկատ դուրս եկավ: Ութ գարուն էր` տղան հորը չէր տեսել և կարոտել էր: Ալեհեր ուսուցիչն ասում էր, որ նա հեռավոր երկրներ է գնացել ու գուցե մի օր վերադառնա: Ուսուցիչն այդպես ասում էր ամեն տարի, բայց գարուններն անցնում էին, իսկ հայրիկից ոչ մի լուր: Այդ օրը,երբ հանդիսությամբ գարնանային մեծ տոնն էին նշում, ուսուցիչն ասաց նաև, որ քարերն անթարթ նայում են երկնքին, խոսում աստղերի հետ, ամեն ինչ լսում-տեսնում են ու կարող են անկեղծ ցանկությունները կատարել: Այժմ տղան որոշել էր քարերի միջոցով դիմել աստղերին, որ նրանք էլ այն փոխանցեն հորը:

Լուսնի տակ փայլող արահետներով տղան միայնակ, ձեռքին` հոր կացինը, սրտում` բարի ցանկություն, զգուշությամբ լեռներից իջնում էր հովիտ, ուր մարդահասակ, մամռոտ ու մոռացված քարեր կային: Տղան մոտեցավ, նայեց դեռ կանգուն քարերից մեկին, նայեց երկնքին ու տեսավ Հեռուն, որ չէր երևում, ապա կացնով հարվածեց քարին:

-Բո՜ւմ,- քարից մի գեղեցիկ հնչյուն պոկվեց, թռավ մինչև մոտակա լեռն ու ընկավ ցած:

Տղան ավելի ուժգին հարվածեց: Այս անգամ հնչյունը թռավ դեպի հանդիպակաց ժայռն ու բո՜ւմ-բո՜ւմ` մարեց:

Մի քիչ անց հովիտ իջավ նաև այլ տղա, նայեց ընկերոջը, նայեց երկնքին, ապա շտապով ելավ քարանձավ և հոր բրիչը ձեռքին` ետ եկավ: Նա էլ ուժգին հարվածեց մի այլ քարի: Այս անգամ նրանց զարկերից ծնված հնչյունները, թև թևի տված, ճախրեցին վեր ու դիմացի մեծ ժայռից անցան, հասան արագավազ գետին և խառնվելով աղմկոտ ջրերին` լռեցին:

Հետո եկան մյուս տղաները, մեկը մուրճով, մյուսը կացնով, մեկն էլ ուղղակի մի փոքր քարով սկսեցին համաչափ հարվածել կանգուն մնացած քարերին:

Քարերից թռչող հնչյուններն արդեն ուժեղ էին, նրանք հավաքվեցին ու հզորացան, թափ առան, բարձրացան երկինք, ապա թևածելով անցան լեռները, ժայռերը, գետերն ու դաշտերը, ծովերն ու մարգագետինները` հասան հայրերին:

Արիների արքայի առաջնորդությամբ նրանք նոր երկրներ էին եկել Մեծ արշավանքի ժամանակ և արքայի կարգադրությամբ մնացել էին տեղացիներին մարդկային օրենքներ սովորեցնելու համար, որովհետև այդ երկրներում մարդիկ ապրում էին վայրի կենդանիների պես:

Քարերին խփող տղաները այդ մասին գիտեին ուսուցչի պատմածներից, սակայն չէ՞ որ իրենք դեռ երեխա էին ու, այնուհանդերձ հայրերին կարոտում էին: Նրանք ավելի ու ավելի ուժգին էին խփում քարերին, ու ավելի բարձր էին թռչում հնչյունները: Հնչյունների հոսքը ամբողջ գիշեր չընդհատվեց և հայրերը արթնացան, նույնպես կարոտով նայեցին երկնքին ու տեսան Հեռուն: Գիշերը տեղացիները զարմանքով հետևում էին, թե ինչպես եկվորները մեծ-մեծ քարերը, որոնց իրենք սթոուն էին անվանում, հավաքեցին ու գլորելով բերեցին հրապարակ: Ապա իրենց հետ բերած բրիչներով հարվածեցին քարերին: Հուժկու զարկերից հզոր հնչյուններ արձակվեցին ու ելան երկինք, սլացան մարգագետիններով, ծովերով, անցան դաշտերն ու գետերը և հասան հայրենի լեռներ:

Հեռվից եկող ձայները որդիներն էլ լսեցին ու թեև դրանք օտար քարերից էին, բայց հարազատ էին. նրանց մեջ կար թախիծ ու ուրախություն, հառաչանք ու ծիծաղ, ափսոսանք ու հպարտություն, հիասթափություն ու հույս…: Որդիները հասկացան, որ հայրերը շատ կարևոր առաքելություն են կատարում և այլևս չեն վերադառնա:

Շուտով Արևը դուրս կգար և ալեհեր ուսուցիչը, որը նույնպես հովիտ էր իջել, ասաց.

-Արդեն դուք զգացիք, որ միասնական ջանքերով հնարավոր է անել ավելին. քարերի ձայնով հաղորդակից եղաք ձեր հայրերի հետ ու հասկացաք Մեծ խորհուրդը. եկել է ժամանակը, որ գտնեք նաև աստղերի հետ խոսելու գաղտնիքը: Մեր բոլորի հայրերի շատ ավելի հեռավոր հայրերը եկել են աստղերից, նրանք են մեզ պարգևել դատելու ունակություն, ուսուցանել մետաղներ մշակելու, բույսեր աճեցնելու, սրբազան նշաններով կարդալու և այլ գաղտնիքներ…

Տարին մեկ անգամ բացվում են տիեզերքի դռները, ու մեր նախնիները լսում են մեզ: Այս քարերը կօգնեն, որ գտնենք, թե երբ են այդ օրերը, և մենք էլ կխոսենք նրանց հետ:

Տղաները շունչները պահած հետևում էին ալեհեր ուսուցչի յուրաքանչյուր բառին և կարծես միանգամից մեծացան ու իմաստությամբ լցվեցին:

Նրանց մեջ խառն ու ցրիվ թափառող մտքերն ի մի եկան և նկատեցին, թե որքան խառն ու ցրիվ են թափված քարերը:

Արևի առաջին ճառագայթներ հետ նրանք կռահեցին, թե քարերն ինչպիսի դասավորություն պետք է ունենան: Երկու այնպիսի քարեր գտան, որոնցից մեկի գագաթը քիչ հեռու դրված մյուս քարի մեջ բացված անցքից նայելիս` ուղիղ գծով համընկնում էր արևածագի դիրքի հետ: Արևի այդ դիրքը Գարնանամուտի պահն էր, որ համընկնում էր նաև Աշնանամուտի արևածագի դիրքի հետ: Հետո տղաները ուսուցչի ցուցումներով տաշեցին որոշ քարերի մաշված գագաթները, որոշ քարերի մեջ նոր անցքեր բացեցին և դասավորեցին այնպես, որպեսզի արևամուտի դիրքը նույնպես հիշվի: Նրանք քարերի դասավորելու գործը շարունակեցին նաև գիշերով և մյուս օրերը նույնպես. ամռանը որոշեցին Արևադարձի, իսկ ձմռանը Արևագալի Արևի դիրքերը: Տարիներն անցնում էին, և տղաները համբերությամբ ու նվիրվածությամբ ուսումնասիրում էին երկինքը, անընդհատ ճշտում քարերի դիրքերը` ըստ աստղերի շարժման: Ուսուցիչը նրանց ցույց էր տալիս տարբեր ժայռագրեր, փորագրություններ և նրանց գիտելիքներն ավելանում էր:

Տղաները մեծ, շատ մեծ կարոտ էին զգում աստղերից երկիր իջած իրենց նախնիների հանդեպ և օր ու գիշեր նոր գիտելիքներ կուտակելով, խորանում էին տիեզերքի գաղտնիքների մեջ, որ կարողանան լսել նրա ձայներն ու խոսեն աստղերի հետ:

Իսկ այն տղան, որն առաջին էր կացինը խփելով լսել քարի հնչյունը և արդեն մեծ իմաստնությամբ օժտված այր էր` հորը որոնելու համար գնաց աշխարհից աշխարհ, տարբեր տեսակի ու սովորույթների մարդկանց հանդիպեց: Նա հեռավոր մի երկրում վերջապես գտավ շրջանաձև դասավորված մարդահասակ քարեր, որոնք դրել էին իրենց հայրերը: Տեղացիների մեջ կային ծանոթ դիմագծերով երիտասարդներ, և հենց նրանց էլ փորձեց հանձնել քարերի լեզվով աստղերի հետ խոսելու գաղտնիքները գտնելու ձգտումը, որովհետև մյուսներն ապրում էին այլ բարքերով ու չէին յուրացրել մարդկային օրենքները: Օտար երկրում նա երկար չմնաց, տարիներ անց վերադարձավ հայրենիք ու փոխարինեց իր ալեհեր ուսուցչին:

Այս պատմությունը շատ վաղուց է եղել, և այսօր ոմանք մոռացության են մատնել թե պատմությունը, թե մարդկային վարքով ապրելու օրենքները: Բայց մինչև հիմա էլ Սյունյաց լեռներում հնչող քարերի փունջը կա և կոչվում է Քարահունջ: Քարերի փնջեր կան նաև Իռլանդիայում Նյու Գրենջ, Անգլիայում` Սթոունհենջ, Շոտլանդիայում Քալենիշ անուններով և այլուր: Նաև կան մարդիկ, որ պահպանել են Աստղերի հետ խոսելու ձգտումներն ու գիտեն, որ տարվա մեջ գարնանային մի գեղեցիկ գիշեր, երբ լուսնի մեծ սկավառակը բարձրանում է երկինք` աստղերը կատարում են քարերից հնչող ցանկությունները:

Ասում են այդ օրը Վանա ծովի կողմերից լսվում է նաև Միհի աստծո քարե դռան բացվելու դղրդյունն ու Արարատ լեռան վիհերից Հայոց Արտավազդ արքայի` քարերին խփող սրի շառաչյունը. այդ կերպ նրանք էլ են խոսում աստղերի, հետևաբար և մեզ հետ:

Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում