«Մեր Հրաչօն». գիրք՝ նվիրված Հրաչյա Մաթևոսյանին

«Մեր Հրաչօն». գիրք՝ նվիրված Հրաչյա Մաթևոսյանին

«Ինձ ձեռքեր պետք չեն։ Եվ արցունքներից շուտ եմ կշտացել։ Արցունքը երկիր չի փրկել երբեք։ Եվ անեծքով չեն երկիրը պահում։ Եվ գնացողի ճամփան չեն փակել և ոչ մի արցունք, և ոչ մի աղմուկ, և ոչ մի բողոք».

Հրաչօ, «Երկու տերև դիր աչքերիս ծարավ»։

Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանում մայիսի 12-ին կայացավ հայ արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանին (Հրաչօ) նվիրված «Մեր Հրաչօն՝ Հրաչյա Մաթևոսյան» գրքի շնորհանդեսը: Դրանում ամփոփված են արձակագրի մասին հուշերը, լուսանկարներ ընտանեկան ալբոմից և հատվածներ անտիպ գործերից։

Արձակագրի եղբայրը՝ Համո Մաթևոսյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ գիրքը կազմել է նրա որդին՝ Արտակ Մաթևոսյանը, սկզբունքը մեկն է եղել՝ հավատարիմ մնալ Հրաչյա Մաթևոսյանի ձեռագրին։ «Այս գրքում ընթերցողը կտեսնի գրողին, հրապարակախոսին, ակնարկագրին։ Դժվար է իր մասին խոսել՝ առանց իր խոսքի։ Գիրքը 20 մարդու՝ մտերիմ, գրի հարգը իմացող մարդկանց համառոտ խոսքերից է կազմված, համառոտ, որովհետև Հրաչյա Մաթևոսյանի մասին կարելի է խոսել ու անվերջ խոսել»,- ասաց նա։ Գրքի շապիկին արձակագրի նկարն է, որի հեղինակը թոռնուհին է՝ Սոնան։

Հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի գնահատմամբ՝ ամենատպավորիչն այն էր, որ Հրաչյա Մաթևոսյանը միշտ մնաց իր համոզմունքներին հավատարիմ, միշտ բարձրաձայնեց, երբեք չճկվեց, չխոնարհվեց, չհարմարվեց գոյություն ունեցող անարդարություններին։

«Իսկապես իր ամենամեծ առաքինությունը հայրենասիրությունն էր, նա հայրենասեր էր, ցավում եմ, որ այսօր մեզ հետ չէ։ Մեծ մարդասեր, հումանիստ, փոքրի հետ՝ փոքր, մեծի հետ՝ մեծ, հայրենիքի սիրով, հոգսով տարված, մտահոգ, անդադար միտքը և սիրտը բոլորի հետ էր, և դա հանձնեց գրչին, ու մենք ունենք այդ բախտավորությունը՝ այսօր կարդալ իրեն»,- ասաց նա։

Պապյանը նշեց՝ գրքում ներառված են արձակագրի համակիրների, նրան սիրող ու գնահատող մարդկանց մի փոքր մասի հուշերը, դրանք ազնիվ ու անկեղծ խոսքեր են։ Երգչուհու խոսքով՝ Հրաչյա Մաթևոսյանի ուղերձը սերունդներին սերն է դեպի հայրենի բնությունը, հայրենիքը, հայ մարդու ու հայ մշակի, հայ գյուղացու, քաղաքացու նկատմամբ։ «Ամենակարևոր իր ուղերձը ազնվությունն է, արդարությունը, անկաշառությունը, հայրենիքի հանդեպ անչափելի սերը»,- նշեց Պապյանը։

Գրքի խմբագիր Գևորգ Յազըճյանի խոսքով՝ Հրաչյա Մաթևոսյանն իր ուսուցիչներից է, որ ճանապարհ է ցույց տվել՝ իր գրչով, իսկական մտավորականի կերպարով։

«Կան իսկական մտավորականներ և գրող-մրոտողներ, Հրաչօն առաջին տեսակից է»,- ասաց նա։

Յազըճյանը նշեց՝ գրքում կան նաև արձակագրի անտիպ էջերից, դրանց մեջ տողեր են, որ կարծես այսօրվա համար են գրված։

«Մտավորականը ինչ-որ տեղ պետք է լինի կանխատեսող, մարգարե, 40 տարի առաջ գրված տողեր են, որոնք կարծես այսօրվա համար են և ուղենիշ են դառնում վաղվա օրը ծրագրելու և ճիշտ ծրագրելու համար»,- ասաց նա։ Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում