ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նմանատիպ
Մամուլում կամ սոցիալական կայքերում երբեմն-երբեմն շրջանառվում են հրապարակումներ, որոնք եկեղեցական ասպարեզում առկա որոշ թերությունների բարձրաձայնման թեմաների համատեքստում արդեն անդրադառնում են ոչ թե առանձին մի հոգևորականի կամ ինչ-որ մի գործողության, այլ համընդհանուր հոգևորականության դեմ են ուղղվում մտացածին կամ ծայրահեղականացված մեղադրանքներով: Այդ իրողություններից մի քանիսին առնչվեցի այս օրերին, որոնց ցանկանում եմ անդրադառնալ, իհարկե, չնշելով բողոքներ հանրայնացնող անձանց անունները, քանզի կարծում եմ և ուզում եմ հավատալ, որ նրանք հայրենասեր ու ազնիվ մարդիկ են և դժգոհություն են հնչեցնում իրապես առկա խնդիրների մտահոգությունների տակ գտնվելով:
Տարբեր մտայնություններով բողոքներ կամ հուզումներ գրգռելու տարբերակներից է նախկինում ինչ-որ տեղ հրապարակված հակաեկեղեցական մի նյութի վերստին մեջտեղ բերումը տարիներ հետո, և մարդկանց սկզբնապես չտեղեկացնելով նյութի հնության մասին՝ հրավիրում են իրենց մեղադրանքները նույնպես շարադրելու:
Նման հնարանքներով Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականությանը հակադրում են այլոց, իբր մեր հոգևորականներն ընդհանրապես անհաղորդ են ժողովրդի մտահոգություններին ու դժվարություններին, իբր հոգևորականներին ընդհանրապես չեն հուզում մեր երկրի ու պետության, ժողովրդի բարօրության հետ կապված հարցերն ու խնդիրները:
Սակայն նման կանխակալ մոտեցումներով արդյո՞ք չենք անտեսում՝ միտումնավոր ոմանց կողմից կամ ակամա այլոց կողմից, այն գործունեությունը, ծառայությունը, որ մատուցում են հոգևորականները:
Եկեղեցիների Սուրբ Խորաններից չե՞ք լսել քարոզներ անարդարության, անազնվության, հարստահարման ու մեղքի վերացման, հոգևորականները մեր զինվորների հետ չե՞ն, սրբոց Ղևոնդյաց ոգով չե՞ն քաջալերում մեր զորականներին կամ ապրիլյան պատերազմի ժամանակ օրհասական պահին զենք չբռնեցի՞ն, սահմանում հոգևորական չվիրավորվե՞ց, մեր ժողովրդի հուզումների ժամանակ հոգևորականները ժողովրդի կողքին չե՞ն, ցույցերի ժամանակ մարդկանց շարքերում հոգևորականներ չե՞ն եղել և այսօր էլ չե՞ն շարունակում բազմաթիվ հավատացյալների հոգևոր կարիքներին ծառայել:
Իհարկե, ոչ ոք չի պնդում, որ եկեղեցական ասպարեզում թերություններ, սայթաքումներ, բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Սակայն կանխակալ մոտեցումներով պետք չէ ընդհանրապես չտեսնելու տալ հոգևորականների ծառայությունները և չպետք է տրվել շահարկումների, այլ պահպանել հավատարմությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա առաքյալների կողմից հիմնադրված Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում