ՀՀ գլխավոր դատախազությունում ԵԽ պատվիրակության հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ամրապնդման խնդիրները

ՀՀ գլխավոր դատախազությունում ԵԽ պատվիրակության հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ամրապնդման խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլին (2019-2021թթ.) նախապատրաստվելու շրջանակում հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն էին այցելել Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոիուն և Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության աշխատանքային խումբը:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում տեղի ուենցած հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական երկրներում վերապատրաստումների միջոցով կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների մասնագիտական որակների կատարելագործմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով նախատեսված՝ ապօրինի հարստանալու հանցագործության քննության մեթոդական ուղեցույցի մշակմանը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ քննող մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, կարևորվել է այդ ոլորտներում եվրոպական երկրների առաջադեմ փորձի ուսումնասիրությունը և, միաժամանակ, ՀՀ իրավապահ մարմինների փորձի փոխանցումը: Արժևորվել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ Հայաստանի Հանրապետության դատախազության երկարամյա համագործակցության շոշափելի արդյունքները, փոխադարձ վստահություն է հայտնվել դրա շարունակականությունն ապահովելու կապակցությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում