Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննություն է տարվում. ԱԳՆ խոսնակ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննարկումներին:
Բալայանը նշեց, որ դեռ անցյալ տարի ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հսկայածավալ աշխատանք է կատարել տվյալ հարցով, այս պահին էլ քննարկումների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Սլովակիայում մեր դեսպանը շատ կարևոր հանդիպում է ունենում այս պահին: Փառք Աստծո, կասկածելի հեղինակությամբ մարդիկ այդ աշխատանքների մանրամասներին տեղյակ չեն, ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այդ կարգի մարդկանց հրապարակումներին և ասածներին: Կարծում եմ՝ դա արվում է զուտ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով»,-ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ թե՛ Չեխիայում, թե՛ Սլովակիայում Հայաստանի դեսպանությանը հավաստիացրել են, որ մատակարարումների հարցով քննություն է ընթանում:
«Խնդիրն այն է, որ այդ զինատեսակների մատակարարման վերջնական օգտագործման վկայականը տրված է մեկ երկրի, բայց զենքը հայտնվել է մեկ այլ երկրում, ինչն էլ ԵՄ համապատասխան կարգավորումների կոպտագույն խախտում է: Հուսով ենք, որ քննությունը շուտով կավարտվի, և մեղավորներն արժանի պատիժ կստանան»,- հավելեց Բալայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում