Եկել է բացահայտումների ժամանակը. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն

Եկել է բացահայտումների ժամանակը. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Armtimes.com: Ծանոթացա «Հայկական ժամանակ» թերթի եւ այլ կայքէջերում հրապարակված նախկին Խորեն վարդապետ Հովհաննիսյանի (Նշան Հովհաննիսյան) նամակին:

Սովորություն չունեմ այլոց հասցեագրված նամակներին արձագանքելու (նամակն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին), սակայն պատեհապաշտ այս նամակի պաթոսն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձին հասցեին շռայլված մեղադրանքները մի տեսակ հակադրության մեջ են իր երբեմնի, գոնե կցյալ նամակում դրսեւորած ոգուն ու կեցվածքին:

Թերեւս, այստեղ է նաեւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի թերացումը, որ կարգալուծությունների ծանուցումների մեջ ամբողջությամբ հականե-հանվանե չեն արտացոլվել դրանց պատճառները:

Սակայն ընթերցողներն, ինչպես եւ հասցեատերը, իրավունք ունեն տեղեկանալու վարդապետի կրկնակի կարգալուծության պատճառների մասին:

Այսօրվա նամակը պատասխանն է իր նկատմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրսեւորած սիրո եւ խնամքի, երբ վերջինս ժամանակին փորձում էր ետ պահել ասպարեզը թողնել պատրաստվող եւ մի ամուսնացյալ կնոջ հետ կապված վարդապետին (ավելին չմանրամասնենք)` խրատելով, որ նման ամուսնությունն երջանկաբեր չպիտի լինի: Հայր Խորենին` որոշումը վերանայելու ժամանակ տրվեց, սակայն վերջինս ներկայացավ, երբ նշված ժամկետն արդեն սպառված էր:

Այսօրվա նամակը պատասխանն է իր նկատմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրսեւորած սիրո եւ խնամքի, որով տարիներ անց արդեն կարգալույծ Նշան Հովհաննիսյանին տրվեց մեկ այլ հնարավորություն: Որոշակի փորձաշրջանից նա վերականգնվեց եկեղեցականի իր կարգի մեջ` նկատի ունենալով նաեւ ասպարեզ վերադառնալու իր ցանկությունն ու միաբանների միջնորդությունը: Այնուհետեւ վարդապետը ծառայության կոչվեց տարբեր կառույցներում:

Այսօրվա նամակը պատասխանն է իր նկատմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրսեւորած սիրո եւ խնամքի, քանի որ երբ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում իբրեւ կառավարիչ զեղծարարությամբ եւ դրամների յուրացմամբ էր զբաղված, Մայր Աթոռը, որպեսզի ազատի նրան նման գայթակղությունից, փոխադրեց Մյանմարի Հանրապետություն, որտեղ կեցության մեկ ամսվա մեջ նա հաջողեց վատնել համայնքային միջոցներից 10000 դոլար բարձրակարգ հյուրանոցի եւ սննդի վրա: Առկա են բոլոր փաստաթղթերն ու բողոքի նամակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում