Փաշինյանը մեծ պատիվ է համարում ժողովրդի իշխանության կրողը լինելը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի՝ գործող կառավարության՝ փորձ չունենալու մասին հայտարարությանը, կառավարության ծրագրի ներկայացման իր եզրափակիչ ելույթում ասաց, որ իրենք ՀՀԿ-ի փորձի կարիքը չունեն:
«Ասվում է, որ պետության կառավարման լուրջ փորձ ունեք Դուք, տիկին Նաղդալյան: Ես ներողություն եմ խնդրում՝ թույլ տվեք պետության կառավարման Ձեր փորձը մենք չկիրառենք, որովհետև տեսանք, թե Ձեր փորձը ուր է տանում և ինչի է հասցնում: Ես, օրինակ, հրաժարվել եմ ի սկզբանե և հրաժարվում եմ պետության կառավարման ձեր փորձից, երբ պետք է ունենամ վերահսկողություն բիզնեսի այս կամ այն ոլորտի վրա և որոշեմ, թե այս դահլիճում նստածներից ով ինչքան պետք է աշխատի և իր սեփականության որ տոկոսն ում փայն է, բանավոր հրահանգներով որոշեմ, որ այս մեկը պետք է սնանկանա, այս մեկը չսնանկանա, այս մեկը պետք է դառնա միլիոնատեր, ընդ որում՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Մենք հրաժարվում ենք այդ փորձից: Եվ հիմա էլ ասում են՝ ծանր է իշխանության գլխարկը: Ոչ, ծանր չէ, որովհետև եթե ձեզ թվում է, որ մեր իշխանության շուրջ մթնոլորտը ՀՀ-ում այնքան գաղջ է, որքան այս դահլիճում՝ դուք չարաչար սխալվում եք: Շատ հաճելի է այդ իշխանության գլխարկը, որովհետև մենք զգում ենք մեր ժողովրդի աջակցությունը և մեր ժողովրդի վստահությունը: Ծանր չէ, դա մեծ պատիվ է լինել ժողովրդի իշխանության կրողը և որևէ մեկը չկասկածի, որ մենք այդ պատիվը չենք արժեզրկի, որևէ մեկը սրանում չկասկածի»,- ասաց Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում