Հանրապետական կուսակցությունը մերժողական ընդդիմություն չի լինելու․ Շարմազանով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Կառավարության ծրագրի մասին մեր գնահատականը իրատեսական էր․ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Աստված տա, որ այն, ինչ նշեցին մեր գործընկերները՝ կոռուպցիայի դեմ պայքար, դրական զարգացումներ, կատարվեն»,- ասաց նա՝ նշելով, որ կառավարության ծրագիրը բավականին թերի էր, և դրանով է պայմանավորված եղել «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության մեծ մասի դեմ քվեարկելը:
Նա հաջողություն մաղթեց նոր կառավարությանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրենք շարունակելու են գործել իրենց քաղաքական ուժի գաղափարախոսությանը համահունչ:
Նա նաև նկատեց, որ պարզ դարձավ, որ կառավարության ծրագրի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: «Փաշինյանը չէր ցանկանում իր հաջողության դափնիները կիսել այլ ուժերի հետ. ո՛չ «Ծառուկյան» դաշինքի, ո՛չ Հայ հեղափոխական դաշնակցության, իմ համոզմամբ, ոչ էլ իր ներդաշինքային երկու կուսակցությունների հետ»,- ասաց նա:
Շարմազանովը հավաստեց՝ իրենք, որպես ընդդիմություն, քննադատելու են փաստարկված: «Այլ ոչ թե ասելու ենք ձեր սանրվածքը մեզ դուր չի գալիս կամ դուք շատ երիտասարդ եք և չպետք է լինեք նախարար: Ո՛չ: Դա քաղաքական մոտեցում չէ: Մենք գնալու ենք առողջ քննադատության ճանապարհով»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք, որտեղ դրական արդյունք տեսնեն, դա կողջունեն:
Նա նաև վստահեցրեց՝ Հանրապետական կուսակցությունը մերժողական ընդդիմություն չի լինելու, քննադատելու է փաստարկված։ Շարմազանովն ասաց, որ որոշել են՝ լինելու են կառուցողական ընդդիմություն և կառավարության գործունեությունը քննադատելու են ըստ էության և փաստերով:
ՀՀԿ խոսնակը նաև հիշատակեց, որ ՀՀԿ-ն երկար տարիներ իշխանություն է եղել, շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել ապակառուցողական ընդդիմություն, նշեց, որ չի պատրաստվում գնալ այդ ճանապարհով:
«Մենք քաղաքական թշնամիներ չենք, առավել ևս մենք քաղաքական հակառակորդներ չենք, մենք քաղաքական մրցակիցներ ենք: Հիմա փոխվել է պարզապես նավապետը, մեր բոլորիս շահերից է բխում, որ նավապետը ճիշտ ճանապարհով գնա: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր նավը՝ այս գլոբալիզացման մարտահրավերներով լի աշխարհում, ոչ թե ալիքների հետ ճոճվի, այլ հնարավորինս անվտանգ հասնի դեպի մեր երազանքների Հայաստանը»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում