Վալերի Օսիպյանը հանձնարարել է բացառել ժամը 23:00-ից հետո հրավառության դեպքերը

Վալերի Օսիպյանը հանձնարարել է բացառել ժամը 23:00-ից հետո հրավառության դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հունիսի 8-ին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա: Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ:

Վալերի Օսիպյանը անդրադարձավ նաև հաստատություններին, որոնց գործունեությունը ըստ օրենքի սահմանափակված է մինչև ժամը 24:00-ն:

Ոստիկանության պետը, նշելով, որ վերջերս շատացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, հանձնարարեց հսկողություն սահմանել գունավոր մետաղներ ու պահեստամասեր ընդունող կետերի վրա:

Խորհրդակացության ընթացքում հանձնարարվեց բարելավել ծառայությունը ոստիկանության հենակետերում, ուշադրություն դարձնել անձնակազմի կարգապահությանն ու արտաքին տեսքին:

Եվս մեկ անգամ անդրադարձ եղավ այս տարի Հայաստանում տեղի ունենալիք արարողակարգային խոշոր միջացառումների ընթացքում ոստիկանության ծառայությանն ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոստիկանության արտաքին ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում