Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Գավառի երիտասարդ կամավորների խմբին
Նմանատիպ
Հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գավառ քաղաքի «Երիտասարդ առաջնորդների ճամբար» նախաձեռնության երիտասարդ կամավորներին: Ինչպես ներկայացրեց նախաձեռնության ղեկավար Գառնիկ Գափոյանը, «Գյուլբենկյան» և «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամների հետ համագործակցությամբ նախաձեռնող խումբը 2018 թվականի հունիսի 22-24-ին իրականացնելու է եռօրյա հավաքի ճամբար, որին մասնակցելու են մարզի բոլոր տարածաշրջաններից հրավիրված 26 երիտասարդ ակտիվիստ կամավորներ:
Ճամբարային օրերի ընթացքում երիտասարդների առջև ամենատարբեր թեմաների շուրջ դասախոսություններով հանդես կգան պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Կամավորները նախաձեռնության իրականացման համար խնդրեցին Գեղարքունիքի մարզպետի մասնակցությունը և աջակցությունը:
«Շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ ունենում երիտասարդ նախաձեռնողների հետ: Ողջունելով ձեր նախաձեռնությունը՝ միաժամանակ ցանկանում եմ լինել այդ ձեռնարկի մանակիցն ու աջակիցը: Մենք պատրաստ ենք նաև ձեզ ներգրավել ամենատարբեր հայրենաշեն ու հանրօգուտ ձեռնարկներում, կարևոր ծրագրերում: Իմ աշխատանքային առաջին օրերը ցույց տվեցին, որ աշխատատեղերի բացակայությունն ավելի ակնհայտորեն է զգացվում Գավառ քաղաքում, իսկ աշխատանքի կարիք առավելապես ունեն երիտասարդ մասնագետները: Դրա համար էլ մենք պետք է աշխատենք նրանց ներգրավել թե պետական կառավարման , թե հանրային այլ ոլորտներում: Ուստի և ձեզ հետ կլինեմ մշտական կապի մեջ՝ լուրջ համագործակցության ակնկալիքով»,- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում