Նեեմե Յարվի․ «Մեզ միավորում են երաժշտությունն ու մշակույթը»

Նեեմե Յարվի․ «Մեզ միավորում են երաժշտությունն ու մշակույթը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո ընթացող «Երեւանյան հեռանկարներ փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը տրվում է բացառիկ համերգով: Երևանում առաջին անգամ հանդես է գալիս Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվիի ղեկավարությամբ: Բացառիկ համերգը Երեւանում` նվիրված է Հայաստանի եւ Էստոնիայի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին:

Հունիսի 11-ին կայացած ասուլիսում փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ համերգը իրադարձություն է, իսկ Նեեմե Յարվիին համապատասխանում են լավագույն բնորոշումները, քանի որ նա մեկն է աշխարհի ամենահայտնի մի քանի դիրիժորներից:

Փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը պատկերավոր ասաց, որ շարունակ թռիչքներ ապրող իրենց փառատոնին չի հաջողվում սովորական ապրել: Նա նաեւ փաստեց, որ ոչ միայն Նեեմե Յարվին է մեծություն երաժշտական աշխարհում, այլեւ նրա դիրիժոր որդիները: 

Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Քրիստիան Հալլիկը նշեց, որ այս տարի շատ են շրջագայել, սակայն հայաստանյան համերգը յուրահատուկ է իրենց համար. «Սա այն բացառիկ շրջագայությունն էր, որի համար մրցում էին, թե ով կգա Հայաստան: Մենք 30 տարի առաջ ենք այստեղ եղել: Նվագախմբում դեռ կան երաժիշտներ, որոնք այն ժամանակ էլ նվագել են: Նրանք կպատմեն երիտասարդներին Հայաստանում կատարված փոփոխությունների մասին, կասեն, թե ինչպես էր ձեր երկրում 30 տարի առաջ, եւ ինչպես է հիմա»:

Նեեմե Յարվիին ասաց, որ ուրախ է Հայաստանում լինելու համար: «Ես այն սերնդից եմ, որ դեռ կարողանում է խոսել ռուսերեն: Մենք ջերմ զգացումներ ունենք Հայաստանի հանդեպ, մեզ միավորում են մշակույթը, երաժշտությունը, պատմությունը, ուրախ եմ, որ մեր հրաշալի նվագախմբի հետ եմ ձեր երկրում: Մենք նվագում ենք երկու երկրների հիմները, Արամ Խաչատրյան, Արթուր Լեմբա, Էդուարդ Տուբին: Տուբինը էստոնացի մեծագույն կոմպոզիտորներից մեկն է, որն ապրել է նույն ժամանակաշրջանում, ինչ Շոստակովիչը»,-նշեց մաեստրոն: 

Անվանի դիրիժորը նաեւ հայտնեց, որ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում է 60-ականներից: Նա ներկայացրեց դիրիժորության գաղտնիքները: Ասաց, որ լարայինները, ի տարբերություն դաշնակահարների եւ հարվածային գործիքներ նվագողների, միշտ չէ, որ հաջողված դիրիժորներ են լինում, քանի որ առաջինի դեպքում գործ ունենք, այսպես կոչված, պոեզիայի, իսկ երկրորդի դեպքում ռիթմի զգացողության հետ:

Նեեմե Յարվին հատուկ շեշտեց, որ էստոնացի լավագույն երաժիշտները մասնագիտական կրթություն են ստացել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, նրանցից մեկն էլ Արթուր Լեմբան էր, որի ստեղծագործությունները կրում են Ռուբինշտեյնի, Գլազունովի ազդեցությունը: Նա իր ուսուցիչներից էլ խոսեց, անգամ ջազին անդրադարձավ:

Նեեմե Յարվիի ձեւակերպմամբ, լավագույն երաժշտությունը դասականն է, բոլոր այլ ժանրերի լավագույն ստեղծագործությունների հիմքում դասականն է, ջազինը` նույնպես: Հենց դրանով էլ այն հրաշալի է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում