Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կանգնած է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողքին

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կանգնած է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ բացարձակ սուտ որակելով շրջանառվող տեղեկությունը, թե Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Այս մասին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Բացարձակ սուտ է մամուլում շրջանառվող անհասցե ու ստահոդ այն «տեղեկությունը», թե իբր Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության:

Մասնակիցը լինելով այս օրերին Մայր Աթոռում անցկացվող Գերագույն Հոգևոր, միաբանական և եպիսկոպոսական ժողովների՝ Նավասարդ Սրբազանն իր աներկբա բացասական վերաբերմունքն է արտահայտել արհեստականորեն ստեղծված իրավիճակին՝ ստորագրելով ժողովականների հայտարարությունները: Դրանց տրամաբանությունից դուրս ցանկացած ենթադրություն պարզապես հերյուրանք է:

Սովորաբար սուտ ու անհեղինակ հրապարակումներին չենք արձագանքում՝ դրանց ավելորդ կարևորություն չտալու համար, սակայն այս հարցը վերաբերում է մեր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյակների առաքելության պահպանմանը: Յուրաքանչյուր վրիպում, բամբասանք կամ հիվանդ երևակայության արգասիք կարող են անդառնալիորեն վնասել հայրավանդ մեր ընթացքին, Հայ Եկեղեցու ամրությանն ու անվերապահ հեղինակությանը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում հեռու մնալ արժանապատիվ մարդուն ոչ հարիր ձևով սուտ «տեղեկությունների» տարածումից, գործել ի նպաստ Հայ Եկեղեցու զորացման և Ս. Լուսավորչի գահի ամրության: Այս օրերին յուրաքանչյուրս պարտավոր է գիտակցել պատասխանատվության այն մեծ աստիճանը, որ ունենք մեր Եկեղեցու և գալիք սերունդների առաջ, չենթարկվել սադրանքների ու խաղաղարար ոգով հանապազ աղոթել ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո:

Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին իմաստնություն ու խաղաղություն շնորհի բոլորիս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում