«Ես պատրաստ չեմ՝ որպես մարդ, որպես զինվոր, զիջելու մեր ձեռքբերումները ». ԼՂՀ վարչապետ

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանը մի շարք արդիական թեմաների շուրջ զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Հատված հարցազրույցից.

Պարոն վարչապետ, օրեր առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկի արտգործնախարարը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է։ Իսկ հակամարտության լուծումը ենթադրում է փոխզիջում։ Ո՞րն է Լեռնային Ղարաբաղի համար զիջումը։

Մեր երկու հանրապետությունների առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ ցանկացած քննարկվող տարբերակ, որ պետք է արդեն գնա վերջնական փուլ, պետք է հավանության արժանանա ժողովրդի, հայ ազգի կողմից։ Եթե հիմա ինչ-որ պատասխան տամ, դա կլինի անձնական դիրքորոշում, չեմ ուզում անձնական դիրքորոշումս այսօր ասել, թե ինչ եմ ես՝ որպես երկրի քաղաքացի, պատրաստ զիջելու։ Բանակցությունների նախնական փուլն ավարտելուց հետո, երբ որ փաստաթուղթը սեղանին լինի, մենք ձեզ հետ միասին, բոլորս, մասնակցելու ենք այդ քննարկումներին։

Փոխզիջման կարծես միայն մի տեսլական կա. ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց։ Ձեր կարծիքով, Ղարաբաղի ժողովուրդը պատրա՞ստ է հարցի այսպիսի լուծման։

Ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը, որ՝ ոչ։ Ես պատրաստ չեմ՝ որպես մարդ, որը մասնակցել է ազատագրական պայքարին, որպես զինվոր, զիջելու այն ձեռքբերումները, որ ունեցել ենք, եւ որը այսօր սահմանում է մեր հիմնական անվտանգության երաշխիքը։ Ես որպես քաղաքացի պատրաստ չեմ այդ զիջմանը գնալու…»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում