5.1 C
Yerevan

Եղիշե Չարենց․ Նավզիկե

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Իզաբելլային
Իմ ամենաչքնաղ երկը
Ե․ Չարենց 936.21.IX

I
Հին Նավզիկեն

Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…

Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ –
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մեջ –
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, –
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո –
Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, –
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած`
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: –

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ`
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած –
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ` լուսնային շղարշ հագածի պես, –
Ամբողջովին մերթ գոց, մերթ մերկացած`
Կնությունը բացած – իմ Նավզիկեն…

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ` քնարի քնքուշ նվագի պես,
Մերթ` դարերով ծանոթ, մերթ` միայն նոր
Ինձ հարազատ ձայնով – իմ Նավզիկեն:

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, –
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն –
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե:

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քեզ, –
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնորք իմ, իմ Նավզիկե…

Եվ հանճարեղ երգում, և հանճարեղ գրքում,
Եվ հանճարեղ ամեն կտավի մեջ, –
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե:

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամեն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, –
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե:

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, –
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին –
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

Մանկությունից իմ լուրթ – մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում` անցած երազի պես, –
Ես սպասել եմ, որ – ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե:

Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, –
Ինչ որ արել եմ ես, ինչ անելու եմ դեռ –
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե…

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի – քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի՜ իմ սեր, իմ Նավզիկե…

Եվ պոետի հռչակ, և փառքի տենչ խորին,
Եվ արնահամ երգի, երազի սեր, –
Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե…

Որ վարդերիս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ –
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա –
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե…

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, –
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…

II
Կնոջս՝ Արփենիկին

Նայադների՜ նման, նայադների նման,
Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, –
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահու կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կեզ, –
Իբրև հոժա՜ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ –
Դու ժպտացի՜ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…

III

…Արդեն նայի՜վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով`
Խոստանալով գարուն ու գարնանային հմայք –
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…

Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին`
Նայադների չքնաղ երգին գերի`
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկին այն ափերին…

Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս`
Մի անհնար, չքնաղ երազի մեջ –
Պիտի տեսնեմ կղզին այն, ուր սիրով լի`
Ինձ հանդիպեց մի օր – իմ Նավզիկեն…

Նույն նայադներն ահա – և կախարդիչ նույն երգը, –
Բայց ավելի անհուն ու հմայիչ…
Եվ մոտենում է նույն կախարդական եզերքը`
Բայց… ինչու՞ է թվում նա ամայի…

Նույնն են ափերը լուրթ, – և պտույտի ելած
Նույն աղջիկներն ահա, – և Նավզիկեն…
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը – երազի պես…

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան
Տարիների կարմիր ավազի մեջ`
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ –
Մանկությա՜ն պես անցած – իմ Նավզիկեն…

IV

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն – մահու կսկիծ:

Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի՜ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած`
Իբրև ուրի՜շ Ուլիս, ուրիշի սեր…

Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած`
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե ՜
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի՜, քանի՜ չքնաղ Նավզիկե –
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած`
Վայրկյաններիս կարմիր ավազի մեջ`
Մի՜շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամեն մի Նավզիկե…

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե`
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ –
Իմ երգերի կարմիր ավազի մեջ…

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ –
Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Տարիներում անցած իմ կարոտին կառչած`
Իմ չերազած միա՜կ իմ Նավզիկե, –
Ում սպասում էի – կորցըրի նրանց -`
Երազներում սիրած, երազի պես…

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ոչ մի Նավզիկե, –
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած`
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, –
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց –
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե:

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ որ կարոտ էր, հուր – ես տվի քեզ,
Որ չմնա երազ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ոչ մի Նավզիկե: –

Սակայն կրկի՜ն, կրկի՜ն, նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն – մահու կսկիծ: –

Ոչ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, –
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, –
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե: –

Նայադների՜ նման, նայադների՜ նման, –
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով – կսկիծ…

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած`
Վայրկյաններիս վերջին երազի մեջ`
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…

1936. 21. IX

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...