Սիրելի´ դպրոցականներ, միշտ հետևորդը եղեք հայոց գրերի լուսավոր առաքյալի ազգառաք իմաստության խորհրդին. «Հայոց Արծիվներ»
Նմանատիպ
Արժանապատիվ դասախոսնե´ր, ուսուցիչնե´ր, արծվային սլացք ունեցող ուսանողնե´ր և դպրոցականնե´ր, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, Կազմակերպության 300 մասնաճյուղերի շուրջ 35.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ 2012-2013 ուսումնական տարվա ավարտի առթիվ: Թող Ձեր ուսումնառության վերջին զանգը հնչի որպես հայոց նախնիների ոգեղեն ազդականչ, քանզի ձեզանից յուրաքանչյուրի մեջ տրոփում է հայրենիքի առողջ սիրտը:
Շուտով դուք, տարբեր մասնագիտություններ ձեռք բերած, բախելու եք անակնկալներով լի կյանքի դռները: Աշխարհաքաղաքական դժվարին մարտահրավերներով լեցուն մեր ժամանակներում ձեր ներդրումները թող լինեն պատասխանատու և նպատակասլաց’ ուղղված մեր ժողովրդի բարօրությանը:
Երախտագիտորեն հիշենք մեծ զորավարի’ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Անպարտելի է այն ժողովուրդը, որը ղեկավարվում է ոգու ձեռքով»: Հայոց ոգին իր անպարտելի արիականությամբ միշտ էլ հզոր է եղել, և դուք այդ անաղարտ գենի երդվյալ ժառանգորդն եք, մեր նախնիների արյունով ներկված հողի տերն ու մշտապես պահապան զինվորը: Ունկնդիր եղեք մայր հողի շնչառությանը’ որպես Ձեր ներշնչանքի աղբյուր, որպես ինքնապաշտպանական կրոն:
Բարի երթ ձեզ և ձեր ջահը պահող կրտսերներին, ձեր օրհնված ճանապարհով անցնող նոր սերնդին, որոնք վաղը պատասխանատվությամբ պետք է ունկնդրեն ձեր առաջին դասախոսներին և ուսուցիչներին, որոնք մաշտոցյան գիրն ու ոգին պատգամեցին ձեզ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» հայոց ոսկեղնիկ գրերով’ առաջին թարգմանության խորհուրդը:
Սիրելի´ դպրոցականներ, միշտ հետևորդը եղեք հայոց գրերի լուսավոր առաքյալի ազգառաք իմաստության խորհրդին’ մշտապես հիշելով մեր նախնիների հոգևոր պատվիրանը’ «Ազգը մարմին է, լեզուն’ ոգի»:
Ուսուցիչը եղել և մնալու է հայերիս համար ազգային արժեք: Եվ դրա վկայությունն է հայոց գրերի ստեղծողի’ առաջին Ուսուցչի սրբացված անունը: Անխռով ու անառիկ պահեք նրանց թողած ադամանդակուռ իմաստության աղբյուրի ակը, որից ջուր ենք խմում…
Մաղթում ենք ձեզ հաջողություն և ձեր երազանքների իրականացում’ հայոց կայուն պետականության, հզոր բանակի և երկրի հոգսերով մշտարթուն հայոց Նախագահի հովանու ներքո:
Հարգանքով’ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում