«Փաստ». Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը

«Փաստ». Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն այլևս պատմություն են: Մեծ հաշվով հեղափոխությունը նոր է սկսվում՝ իր տնտեսական, մշակութային, ընդհանրապես համակարգային խորքային անելիքները հաշվի առնելով:

Հենց այս կոնտեքստում առավել կարևոր է ոչ թե այն հարցը, թե ովքեր կլինեն իշխող թիմի պատգամավորները ԱԺ-ում, ով կդառնա ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար, ովքեր կգլխավորեն հանձնաժողովները, այլ թե ովքեր կլինեն նոր կառավարությունում: Հիմա, երբ իշխանության երկու հիմնական թևերում իշխող թիմը ունի լիակատար գործողությունների ազատություն, առանցքային է հասկանալ, թե կադրերի ինչ վերաբաշխում կարվի:

Այս իմաստով, ընդհանրապես, կենսական է, որ կառավարությունը՝ որպես փոփոխությունների հիմնական առանցք, չդառնա սակարկումների թիրախ: Չի բացառվում, որ թե՛ իշխանության թիմում, թե՛ այդ թիմից դուրս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր, օրինակ, չեն մասնակցել ընտրությունների, կամ մասնակցել, բայց ստացել են քիչ ձայներ, սակայն ռեֆորմների իրականացման գործում ունեն փորձ կամ գիտելիքներ: Ի վերջո, եթե, Աստված մի արասցե, հեղափոխական իշխանությունը ձախողի, ապա հասարակության հարցուպատասխանը լինելու է Նիկոլ Փաշինյանի, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ու դրա ներկայացուցիչների հետ:

Փաշինյանը նախքան ընտրությունները մի քանի անգամ ակնարկել է պրոֆեսիոնալների կառավարության մասին: Ենթադրվում է, որ քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչներ կգործուղվեն Ազգային ժողով, ու կառավարությունում շանս կլինի ներգրավել պրոֆեսիոնալ թիմ, կամ արդեն սեփական թիմից ապահովել առավել պրոֆեսիոնալների առաջխաղացումը: Այնպես որ, ինչքան էլ ԱԺ ընտրությունների, թեկնածուների, պատգամավոր դարձող-չդարձողների շուրջ ինտրիգը լինի գրավիչ, չպետք է կորցնել իրական թիրախները և պետք է սևեռվել կառավարության կաբինետի աշխատանքի վրա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում