Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA

Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը սգո քաղաքում օր է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն Է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Դեկտեմբերի 12-ին այս մասին հայտնել Է DNA լրատվական պորտալը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Պորտալի տվյալներով՝ Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Նաեւ քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները: Հրազենով զինված տղամարդը դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել երեք մարդ, 12 հոգի վիրավորվել է: Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել բռնել հրաձիգին: Ըստ որում Le Progres հրատարակությունը հայտնել Է, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի երեք կետերում: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ է՝ Շերիֆ Շ. անունով:

Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ նա ձերբակալման էր ենթակա սպանության հետ առնչության կասկածանքով: France Info ռադիոկայանը հայտնել է, որ կասկածյալն առեւանգել է տաքսի ավտոմեքենա, որով փախել է պատահարի վայրից: Տաքսու վարորդն ինքը չի տուժել, սակայն նա հայտնել է, որ հանցագործը վիրավոր է եղել: AFP-ի տվյալներով՝ կասկածյալը վիրավորվել է զինվորականների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկանական գործողության կապակցութամբ քաղաքում դադարեցված է տրանսպորտի երթեւեկությունը:

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը կոչ է արել բնակիչներին դուրս չգալ տներից եւ հետեւել իշխանությունների հանձնարարականներին: ԶԼՄ-ների տվյալներով՝ Գերմանիայի հետ Ֆրանսիայի սահմանին ուժեղացված են սահմանային հսկողության միջոցները: Անվտանգության նկատառումներով ոստիկանությունը փակել է քաղաքի բոլոր հարավային երթուղիները: Ստրասբորգում իրադրության կարգավորմանն ուղղված ջանքերի համակարգման համար Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը գլխավորել է միջգերատեսչական ճգնաժամային խումբը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ շտապ խորհրդակցություն է անցկացրել: Նրա հետ միասին քաղաք է ժամանել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Կաստաները հայտարարել է, որ հարձակվողի որոնմանը մասնակցում են 350 ոստիկաններ, դատական ոստիկանության 100 աշխատակիցներ, «Սանտինել» հակաահաբեկչական գործողության զինվորներ, Ֆրանսիայի ոստիկանության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումներ: Ֆրանսիայի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել է Մակրոնը Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում