Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը

Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասանները դադարեցնում են գործադուլը, որը սկսել էին դեկտեմբերի 1-ից։ Նրանց պահանջը՝ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական տա, կատարված է։

«Այո, դադարեցնում ենք գործադուլը, քանի որ մեր պահանջը հրաժարականն էր։ Սպասում ենք հետագա որոշումների»,- Panorama.am-ին ասաց թատրոնի դերասան Արման Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե դադարեցնո՞ւմ եք գործադուլը, քանի որ Վիգեն Չալդրանյանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Շնորհակալ ենք լրջախոհ որոշման համար», – նշեց նա։

Հարցին, արդյո՞ք նախքան հրաժարումը հանդիպել են Վիգեն Չալդրանյանին, զրուցել նրա հետ, Ա. Նավասարդյանը բացասական պատասխան տվեց։

Այժմ պետք է հայտարարվի թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, նախքան այդ նշանակվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Դերասանը մեծ ցանկություն ունի, որ մինչև հունվար մեկ-երկու ներկայացում խաղան։

Նշենք, որ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասաններն և տնօրենի, և գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածուներն ունեն. գեղարվեստական ղեկավար՝ թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ դերասան Արման Նավասարդյանը։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում