Եկեղեցին Հայկական

Եկեղեցին Հայկական

Հայոց հողում եկեղցու հիմքի առաջին քարը դրեց աննենգ առաքյալը` Սուրբ Բարդուղիմեոսը: Լինելով իր երկրից հեռու Աստծո Խոսքի քարոչությամբ զբաղված` Բարդուղիմեոսը, Անձեվացյաց գավառում հիմնեց Հոգյաց վանքն ու այնտեղ անթեղեց Սուրբ Աստվածամոր պատկերը:

«Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրված չէ» (Հովհ. 3:27), առավել ևս մարդը, հայ մարդը չէր կարող հայկական եկեղեցու նման կատարյալ շինություն վեր խոյացնել, եթե այդ շնորհը երկնքից տրված չլիներ նրան:

Հայ Առաքելական Եկեղեցու ճարտարապետական կատարելության և ժողովրդի վերաբերմունքն առ Եկեղեցի, հրաշալի է նկարագրել Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում. «Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի – և բացի նրանից չկա մի ուրիշ ավելի հմայիչ զարմանք քաղաքացիների համար։ – Ինչ որ է հոգին մարմնի նկատմամբ, ինչ որ է ուղեղը, աչքը կամ սիրտը՝ մարդու կազմվածքում – նո՛ւյնն է Առաքելոց եկեղեցին նաիրյան այդ քաղաքում։ – Ինչ որ է Նոտր Դամը փարիզցիների համար – նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին – Առաքելոց եկեղեցին…

Հասարակ է, պարզ է՝ նաիրյան ոգին է կարծես՝ կերպարանք ստացած։ – Անպաճույճ է, պարզ է – դրսից, բայց հասկացողի համար նա որքա՜ն է անհուն ու բազմահրաշ… Քարե այդ եկեղեցու քարաշեն գմբեթի պատերի վրա դրսից քանդակել է նաիրցի վարպետը տասներկու առաքյալների դեմքերը՝ մեկ-մեկ, կողք-կողքի – տասներկու առաքյալ։ Հասկանո՞ւմ եք՝ քարի՛ մեջ փորել է հրաշալի դեմքեր»։

Աստված մեզ ստեղծեց տալով մարմին և մարմնում` հոգի, մարդն այս աշխարհում Աստծո խոսքը չուզեց կարդալ կամ աղոթել սովորական շինություններում, համերգասրահներում, օֆիսներում, այլ այս աշխարհում Աստծո համար փորձեց ստեղծել ու կառուցել Նրան արժանի կառույց, ճարտարապետական կատարելության փորձեց հասցնել այն վայրը, որտեղ ինքը հաղորդակից կարող է լինել Աստծո հետ: Հայ մարդը փորձեց Աստծու խոսքը մարմնացնել այս աշխարհում, և այդ «մարմինը» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է:

Ի դեպ, աշխարհի հանճարներից մեկը` Լեոնարդո դա Վինչին, զարմացել ու հիացել է մեր եկեղեցու ճարտարապետությամբ. «Ծանոթանալով Լեոնարդոյի` Հայաստանից բերած ուրվանկարներին, համոզվում ես, որ նա առաջինն է ընդունել ու կիրառել գմբեթների կառուցման այդ ձևը, չնայած նա կիրառել է այն ոչ թե եկեղեցիներում, այլ ուրիշ կառույցներում: Այդ նրա ազդեցությամբ է, որ Բրամանտեն թողել է գոթական ոճն ու ընդունել հայ ճարտարապետության սկզբունքները, որոնք հետագայում նոր ուղղություն տվեցին Սբ. Պետրոս տաճարի կառուցման ժամանակ: Բրամանտեի հանդիպումն ու համագործակցությունը Լեոնարդոյի հետ, որ եկել էր արևելքից ու բերել հայկական եկեղեցիների գծագրերը, կարծես ճակատագրով կանխորոշված լիներ: Բրամանտեն կիրառեց հայկական ճարտարապետության սկզբունքները: Սան Սատիրո եկեղեցին կարող է դրա վառ վկայությունը լինել» (հատված` Կոստան Զարյանի «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը» հոդվածից): Տեղին է հիշել Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկական»-ը. առավել ճշգրիտ, առավել դիպուկ ու հոգեցունց քան մեծ բանաստեղծը, ոչ ոք դեռ չի կարողացել նկարագրել Հայոց Սուրբ եկեղեցին.

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,
Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ , մութ ու լոյս ,
Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն ,
Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’ է ծըփուն . . :
Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ,
ՈՒ կը շնչեմ, կը լսեմ ՝ իր Յիսուսով մանկադէմ,
Իր սեղանէն մխացող , գուլայ – գուլայ խունկերով ,
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով . . . :
Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին
Իմ պապերուս ՝ որ հողէն զայն քար առ ար հանեցին
Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ
Ու թաղուեցան անոտ մէջ հանդարտութեամբ, հեխութեամբ . . . :
Եկեղեցին Հայկական մեծ վարագոյն մ’ ռ բանուած,
Որուն ետեւ , սըկիհին մէջ, կ’ իջնէ ի՛նքը Աստուած,
Որուն առջեւ՝ գլխահարկ կա գայ իմ ազգըս ամբողջ
Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ :
Եկեղեցին Հայկական ՝ ծովուն դիմաց ալեկոծ
Նաւահանգիստ մ’ է խաղաղ , ցուրտ գիշերին ՝ հուր ու բոց,
ՈՒ տփռակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ ՝
Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ :
Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի.
Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն
Զըրահանդերձ է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշոյն
Եւ զանգակներն են բոմբի՛ւն, եւ երգերն է միշտ յաղթութիւն . . .

Աշխեն Քեշիշյան

Աղբյուր՝ Matyan.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում