«Սուրբ Ծննդյան օրատորիա»-ն հնչեց Կամերային նվագախմբի և «Հովեր» երգչախմբի կատարմամբ

«Սուրբ Ծննդյան օրատորիա»-ն հնչեց Կամերային նվագախմբի և «Հովեր» երգչախմբի կատարմամբ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տոնական համերգով դեկտեմբեր 24-ին հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը: «Սուրբ Ծննդյան օրատորիա» խորագիրը կրող համերգային երեկոյի մեկնարկին Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Վահան Մարտիրոսյան) և «Հովեր» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան) ներկայացրին Սեն-Սանսի Սուրբ Ծննդյան օրատորիան: Դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ հնչեցին նաև Լերոյ Անդերսոնի, Անտոնիո Վիվալդիի, Աստոր Պիացոլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Սա Հայաստանի պետական կամերային նվագախմբի տարվա վերջին համերգն էր: Համերգի առաջին բաժնում ներկայացվեց Սեն-Սանսի Սուրբ Ծննդյան օրատորիան, որը գրված է Սուրբ Ծննդյան կապակցությամբ և ներկայացնում է Քրիստոսի ծնունդը: Երկրորդ բաժնում Ամանորյա ուրախ և զվարճալի ծրագիր էր»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:

Նշենք, որ Սեն Սանսի «Սուրբ Ծննդյան օրատորիա»-ն ամանորյա տոներին ընդառաջ և ընթացքում ներկայացվող ամենահայտնի ստեղծագործությունն է: Օրատորիան բավականին գեղեցիկ, ռոմանտիկ և լուսավոր ստեղծագործություն է՝ համեմված պարզ, նուրբ երաժշտությամբ:

Տոնական համերգն անցավ գեղեցիկ մթնոլորտում՝ հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո:

ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն ընդգծեց, որ 2018-ը բուռն տարի էր: Տարվա ընթացքում նվագախումբը հանդես եկավ մի շարք ճանաչված մենակատարների ու հրավիրյալ դիրիժորների հետ: 2019-ին ևս սպասվում են բազում հետաքրքիր ծրագրեր:

Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում