Հայտնի են Գրողների միության ամենամյա մրցանակի դափնեկիրների անունները

Հայտնի են Գրողների միության ամենամյա մրցանակի դափնեկիրների անունները

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությանը պարգևների արժանացան գրողներ, որոնց ստեղծագործությունները լավագույնն են ճանաչվել տարվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությունն անցկացվեց դեկտեմբերի 25-ին Հայաստանի գրողների միությունում:

«Բազմաթիվ գրական մրցանակաբաշխություններ ենք անցկացնում, որոնք գրական մրցակցության համար բարվոք դաշտ են ստեղծում: Ներկայացվում են լուրջ գրական գործեր, որոնք տպագրվել են, արժանացել են գրականագետների մեկնաբանություններին, վերլուծականներին: Ըստ իս`գրական ընթացքը պարզորոշ երևում է մրցանակաբաշխությունների գրքերի որակից»,- նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հայտնեց, որ արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակը հանձնվում է Ֆելիքս Բախչինյանին՝ «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» գրքի համար: Պոեզիայի անվանակարգում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը տրվեց Նորայր Գրիգորյանին՝ «Ամեն առավոտ» գրքի համար, հրապարակախոսություն ժանրում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի արժանացավ Արևշատ Ավագյանը՝ «Տիեզերքի սրտխփոցը» գրքի համար:

Դրամատուրգիայի ժանրում Լևոն Շանթի անվան մրցանակ ստացած Գուրգեն Խանջյանն ասաց, որ ակնկալում էր, որ կարժանանա այս մրցանակին, քանի որ դրամատուրգիայի բաժնում իր գրքից բացի, այլ գիրք ներկայացված չէր: «Դա չի խոսում այն մասին, որ թերագնահատում եմ իմ աշխատանքը: Այս ոլորտում, բնականաբար, մրցակիցներ կան, պարզապես, նրանք այս տարի գիրք չեն հրատարակել: Հաջորդ տարի մեկ այլ գրող գիրք կունենա, ես ոչ, և ես նրան կծափահարեմ»,- նկատեց Խանջյանը:

Նա պատմեց, որ իր գիրքը` «Կոլիզեյ 21»-ը, չորս պիեսի ժողովածու է, որն անցյալ տարվա Գրքի երևանյան փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: «ՀՀ մշակույթի նախարարությունը գումար փոխանցեց, արդյունքում՝ այն տպվեց: Չորս պիեսներից մեկը բեմադրվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, մյուս երեքը դեռ ոչ»,- հայտնեց գրողը:

Նա կարևորեց մրցանակաբաշխությունների դերը` նշելով, որ գրականությունը, կարծես թե, կամաց-կամաց զիջում է իր դիրքերը, իսկ մրցանակաբաշխությունները ընթերցողին դեպի գրականություն բերելու գործում էական դեր են կատարում: «Ինչքան շատ լինեն դրանք, այնքան հասարակությունը կտեսնի, որ գրականություն կա. միայն քաղաքական շոուներով չէ, որ հարուստ է մեր երկիրը»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը:

Գրականագիտության ժանրում մրցանակը տրվեց Արմեն Ավանեսյանին՝ «Անկախության պոեզիան» գրքի համար, թարգմանություն ժանրում Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակի արժանացավ Լևոն Բլբուլյանը՝ «Քառյակներ» գրքի համար, մանկական գրականության ժանրում Վախթանգ Անանյանի անվան մրցանակը տրվեց Խաչիկ Մանուկյանին՝ «Փոքրի զորավարը» գրքի համար:

Սևանի հանգստյան տան սահմանած մրցանակը հանձնվեց Սաթենիկ Մկրտչյանին՝ «Այրված կենդանակերպ» գրքի համար, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան սահմանած մրցանակների արժանացան Ժաննա Աբրահամյանը՝ «Ձմեռ պապին ու տղան», և Շանթ Մկրտչյանը՝ «Վերադարձ Փանջիռուդ» գրքերի համար:

«Կարծում եմ` միության սահմանած մրցանակներ ստանում են արժանի գրողներ, թարգմանիչներ, և այդպիսով նկատելի է դառնում նրանց կատարած աշխատանքը»,– ընդգծեց Շանթ Մկրտչյանը:

Նրա խոսքով` Ծաղկաձորի գրողների միության հանգստյան տան մրցանակը շատ պատվաբեր է, և այն իրեն հանձնվել է նրա համար, որ այդ թարգմանության մեծ մասն ինքն արել է հենց այնտեղ հանգստանալիս:

Անդրադառնալով մեր օրերում արդիական գրական ժանրերին` Մկրտչյանն ասաց, որ շատ են գրում բանաստեղծություններ, պատմվածքներ, հրապարակախոսություններ: «Պատմավեպի ժանրը քանակական առումով կրճատվել է, թեև իմ թարգմանած ստեղծագործությունը պատմավեպ է, բայց ժամանակակից շնչով ու մտածողությամբ է գրված»,– հավելեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում