Արցախի նախագահն Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի նախագահն Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 03 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Արցախի նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջև կապերն ամրապնդելու համար եւ մաղթել նրան հաջողություններ ու ամենայն բարիք:

Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Հանդիպմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով Արա Բաբլոյանին երկրին մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ՝ ընդգծել է նրա ակնառու ավանդը երկու խորհրդարանների ակտիվ փոխգործակցության և միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելու գործում: ԱՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արա Բաբլոյանի՝ Արցախի հետ կապը շարունակական կլինի նաև լիազորությունների ավարտից հետո:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը նշել է. «Ինչպես ՀՀ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցով ժամանեցի Ստեփանակերտ, այնպես էլ այսօր՝ լիազորություններիս ավարտի նախաշեմին, այցելում եմ Արցախ»: ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաև փորձն ու հմտությունները նոր ձևավորված խորհրդարանի գործընկերներին փոխանցելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով պետական նշանակության հարցերում համագործակցելու և համատեղ աշխատելու կարևորությունը:

ԱՀ խմբակցությունների ղեկավարները, շնորհավորելով ՀՀ խորհրդարանի ղեկավարին, նույնպես բարձր են գնահատել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցությունը՝ առանձնացնելով Արա Բաբլոյանի մեծ նվիրվածությունն ու ահռելի աշխատանքը այդ գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում