«Արցախ»-ն ունի նոր սեփականատեր և գլխավոր մարզիչ

«Արցախ»-ն ունի նոր սեփականատեր և գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am:  Տեղի է ունեցել Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ փոփոխություն. Սևան Ասլանյանի փոխարեն ակումբի նոր սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը ստանձնել է նաև ակումբի նախագահի պաշտոնը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

«Հայկական ֆուտբոլը, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունի: «Արցախ»-ին վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքները ավարտին հասցնելուց անմիջապես հետո», – ֆուտբոլիստների և մազչական կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում հայտարարել է Կարեն Աբրահամյանը:

«Չնայած իր դեռևս կարճ պատմությանը, «Արցախ»-ը այն ֆուտբոլային ակումբն է, որի կազմում հիմնականում հայաստանցի ֆուտբոլիստներ են` թե’ փորձառու, թե’ երիտասարդ: Մինչև այս մրցաշրջանի ավարտը թիմը պետք է անցկացնի ևս 16 խաղ: Դրանցից յուրաքանչյուրում ակնկալում եմ տեսնել նվիրվածություն, դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ», – հավելել է ակումբի նոր սեփականատերը:

Միևնույն ժամանակ, ակումբից հեռացել է գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը. նրա փոխարեն ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը։ Մարզչական 15-ամյա գործունեության ընթացքում Սևադա Արզումանյանը գլխավորել է Երևանի «Արարատ» և «Ուլիս» ակումբները, Կապանի «Գանձասարը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում