Արագածոտնի մարզպետարանում քննարկել է ԱԻՆ համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու հարցը
Նմանատիպ
Արագածոտնի մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը:
Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից` խորհրդակցությանը մասնակացում էին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, մարզպետը, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք:
Զեկուցվել է, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 50 հակակարկտային կայան, որոնցից 30-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մյուս 20-ը’ այլ հիմունքներով: Նշվել է, որ մարզի ցանքատարածություններն ու այգիները կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժշտության կա: Քննարկվել են համայնքային ենթակայության կայանները միասնական ցանցին միացնելու, ինչպես նաև նոր կայաններ տեղադրելու հնարավորությունները:
Խորհրդակցությանը Կարբի և Օհանավան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով համայնքների գյուղատնտեսությանը հասցված վնասին վերաբերող հարցեր:
Ըստ աղբյուրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցն առաջիկայում կքննարկվի նաև Շիրակի մարզում, որից հետո փոխվարչապետի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում