Օլիգարխը նա է, որ սեփական կատու չի ունեցել և պաշտոնի լինելով՝ դարձել է միլիարդատեր. Ծառուկյան

Օլիգարխը նա է, որ սեփական կատու չի ունեցել և պաշտոնի լինելով՝ դարձել է միլիարդատեր. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Պարոն Ծառուկյանը հենց այնպես չի բացակայում։ Կտեսնեք, բոլորը փաստաթղթերով, օրենքով, կարգով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե 7-րդ գումարման խորհրդարանում և՞ս իրեն չենք տեսնելու։

«Որ այստեղ լինեմ, անպայման կգամ, կներկայանամ»,– խոստացավ նա։

Իսկ չի՞ կարծում, որ ԱԺ նիստերից մշտապես բացակայելը վիրավորական է ԲՀԿ-ին ձայն տված ընտրողների համար, հետաքրքրվեցին լրագրողները. «Մեր քաղաքացիների ցավը տանեմ։ Եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ խնդիր է։ Բայց դուք գիտեք, որ հազար ձևի գործերով եմ զբաղված, լիարժեք բոլորն էլ հասցնում եմ»։

Իսկ ճիշտ չէ՞ր լինի, եթե հրաժարվեր մանդատից, հարց ուղղեց լրագրողներից մեկը. «Բայց դու ինչի՞ ես շահագրգռված, դա քեզ ի՞նչ ա տալիս։ Եթե մանդատից հրաժարվելու հարց լիներ, իմ ժողովուրդը ձայն չէր տա իմ կուսակցությանը։ Եթե հեղափոխությունից հետո բոլոր երկրներում հին ուժերը վերանում են, ուրեմն Ծառուկյանն այն վստահությունն ունի ժողովրդի մոտ, որ լիարժեք երկրորդ ուժը եղավ»։

Ինչ վերաբերում է հարցին, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը վարչապետի ենթակայության ներքո են լինելու, Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ վարչապետը վայելում է ժողովրդի վստահությունը, որոշողը և պատասխանատուն նա է։

Իսկ ԲՀԿ-ն դիրքավորվե՞լ է որպես ընդդիմություն, հետաքրքրվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ այսօր ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում. «Մենք հետևողական ենք լինելու՝ այն խոստումները, այն ծրագրերը, որ մեր ժողովրդին ներկայացրել ենք, որ ժողովուրդը ժպիտը դեմքին սպասում ա, մենք այդ հարցերը բարձրաձայնելու ենք։ Որն օգուտ է երկրին, ժողովրդին, կողմ ենք լինելու, որը հակառակ է լինելու, մենք դեմ ենք լինելու։ Մենք հետևողական ժողովրդի կողքն ենք կանգնելու»։

Անդրադառնալով Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նախկինում ունեցած տարաձայնություններին՝ Ծառուկյանը նշեց, որ իրենց միջև ընդամենը բանավեճ է եղել, թեման փակվել է։

Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ինքը, գործարար լինելով՝ կրկին հայտնվել է խորհրդարանում, Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր։

«Օլիգարխը նա է, որ ով պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել, և պաշտոնի լինելով՝ դարձել է միլիարդատեր։ Օլիգարխը ուրիշա, կլասիկը ուրիշա»,- պարզաբանեց ԲՀԿ ղեկավարը։

Հարցին՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը վերջապես իրե՞նց է հասնելու, Ծառուկյանը նշեց, որ ինքը չգիտի։

Անդրադառնալով իր անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի՝ ԱԺ պատգամավոր ընտրվելուն՝ նա բնականոն համարեց, որ կալանավորումից հետո մարդը հանգիստ կերպով կարող է առաջադրվել պատգամավորության թեկնածու։

«Հիմա, եթե այսօր ձեր վրա մի հատ բողոք գրեն, վաղը կկալանավորեն»,- ասաց նա։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինքը հայտնի միջադեպի ժամանակ հարվածե՞լ է Վյաչեսլավ Հարությունյանին։ «Ես որ հարվածեի, Վյաչեսլավը ոտքի վրա կարար կանգնած կմնա՞ր»,- կատակով նկատեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում