Գերմանաբնակ հայ երեխաներն այցելել են Բունդեսթագ, դասախոսություն լսել Գերմանիայի պատմության մասին
Նմանատիպ
Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Երբեմն մատաղ սերնդի համար գալիս են ժամանակներ, երբ վերջինս իր բոլոր գիտելիքներն ու կարողությունները պետք է ենթարկի քննության, քանզի այն ամենը, ինչ նրանք կարդացել են գրքերից և լսել ուսուցիչներից, այժմ վերապրելու են կենդանի օրինակների վրա: Ահա այսպիսի մի ամիս էր մայիսը ՀԵՄԱ հ/կ-ի (Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ) աշակերտների համար:
Մայիսի 19-ին ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը հյուր-ուսուցչի կարգավիճակում դասախոսեց 1945թ.-ի մայիսի 9-ին Գերմանիան ֆաշիստական ռեժիմից ազատագրելու մասին և միևնույն ժամանակ զուգահեռականներ անցկացրեց 1992թ.-ի մայիսի 9-ին Արցախի Շուշի քաղաքի ազատագրման կարևորության հետ: Այսպիսով նա ներկայացնելով պատմական փաստերը՝ մատնանշեց պատերազմի ծնող դրդապատճառների, Եվրոպայում նրա ունեցած ազդեցության և երկու դեպքերում էլ հաղթանակների կարևորության մասին ինչպես աշխարհի, այնպես էլ մասնավորապես հայերի համար: Այս դասաժամը չսահմանափակվեց միայն տեսությամբ:
Այն առավել ակնառու դարձնելու համար պարոն Գրիգորյանը ՀԵՄԱ հ/կ վարչության Առաջին Նախագահ Միքայել Մինասյանի հետ միասին 26.05.2013թ.-ին դպրոցի աշակերտ-աշակերտուհիներին հրավիրեց այցելելու Բեռլինում Գերմանական Բունդեսթագի շենքը և այնտեղ մոտիկից ծանոթանալու Գերմանիայի նոր և նորագույն պատմությանը: Թվով 25 աշակերտ-աշակերտուհիներ որգևորվեցին այս մտքից և պահանջեցին կատարել տրված խոստումը: ՀԵՄԱ հ/կ վարչության Առաջին Նախագահ Միքայել Մինասյանի ջանքերով հնարավոր եղավ կարճ ժամանակահատվածում կազմակերպել վերոհիշյալ այցելությունը: Գերմանական Բունդեսթագ կատարած էքսկուրսիան առանձնահատուկ ապրումներով լի օր մատուցեց երեխաներին: Շենքում կատարած զբոսաշրջության ընթացքում դեռահաս պատանիներն ու աղջիկները լսեցին Գերմանական Ազգի Սուրբ Հռոմեական Կայսերության, 1871թ.-ին Գերմանական Առաջին պետության հիմնադրման, այսինքն՝ երկրորդ Գերմանական Կայսրության, և ապա հակիրճ ձևով Երրորդ Ռայխի մասին, որի լծի տակ մարդկանց անասելի տառապանքների (Հոլոքոստի) վերաբերյալ պատմությունները կրկին հանդիսատեսին ցուցադրեցին պատերազմն իր բոլոր անմարդկային դաժանություններով:
Բացի այդ երեխաները տեղեկություններ հավաքեցին, թե ինչպես է այսօր Գերմանական խորհրդարանը կազմակերպում իր նիստերը, ու թե ինչպես են ընտրում պատգամավորներ և ինչպես են գործում իրավական պետության հիմնարար սկզբունքները ու ինչպես կարելի է հնարավորինս թափանցիկ և բաց կարգով կազմակերպել բունդեսթագի նիստերը: Այնուհետև երեխաներն ու պատանիները անցան Բունդեսթագի աղոթքի կամ, այլ կերպ ասած, խորհելու սրահը: Հայ աշակերտների ոգևորության գագաթնակետը կազմեց այն ցուցասրահի այցելությունը, որտեղ ապակե պատի հետևում դրված էին ՀՀ Խորհրդարանի Նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից Գերմանիայի Բունդեսթագի Նախագահ պարոն Լամերտին նվիրած Սուրբ Գիրքն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Գերմանիայի Խորհրդարանի նույն Նախագահին ընծայած Հայ Առաքելական Եկեղեցու Խաչը: Երկու ընծաներն էլ խորհրդանշում են գերմանա-հայկական բարեկամությունը և երկու երկրների ավանդական կապերի սերտ զարգացումը: Այսպիսով գերմանահայ մատաղ սերունդը համոզվեց, որ երկու երկրներն էլ բազմաթիվ պատմական և ավանդույթային հարաբերություններով սերտորեն կապված են միմյանց հետ:
Գերմանական Բունդեսթագ կատարած այցելությունից անմիջապես հետո Բեռլինի Հայկական Դպրոցի սաները տեղավորվեցի հարևան սրճարանում մեկ գնդիկ պաղպաղակի սեղանի շուրջ միմյանց հետ կիսելու այս այցելությունից ստացված տպավորությունները:
ՀԵՄԱ հ/կ վարչությունը սրտանց շնորհակալություն է հայտնում Բեռլինի Հայկական Դպրոցի սաների ծնողներին վեիջիններիս ցուցաբերած Գերմանիայի Բունդեսթագ այցելելու հետաքրքրության և նրան մասնակցելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում