ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետերը փետրվարի 1-ին կքննարկեն անդամ պետությունների տարածքով գազի տարանցման գնագոյացման մոտեցումները: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մեզ անհրաժեշտ է մշակել կոնսենսուսային մոտեցում: Այս հարցը վարչապետերի մակարդակով կքննարկվի փետրվարի 1-ին»,– ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա պարզաբանել է, որ գազի գնագոյացման մոտեցումների որոշման հարցն ուրբաթ քննարկվել է նաև հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ:

«Կան տարբեր մոտեցումներ, և այժմ մենք պետք է գտնենք կոնսենսուս: Մասնավորապես, մոտեցումներից մեկն այն է, որ տարանցման գինը պետք է ընդհանուր լինի բոլոր երկրների համար, չպետք է ավելի բարձր լինի այն գներից, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնությունում:

Երկրորդ մոտեցումն, ըստ նրա, այն է, որ գազի տարանցման արժեքի որոշման մեթոդը բերում է վերազգային մակարդակի: Երրորդ դիրքորոշումն էլ այն է, որ երկրների ազգային կառավարությունները ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն իրավասու են որոշելու տարանցման գինն իրենց երկրի ներսում:

«Երկրների միջև տրանզիտը որոշվում է միջազգային համաձայնագրերով»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում