Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը

Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, միջոցառումների մեկշաբաթյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մար­տա­­հրա­վեր­նե­րից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում:

Ընդգրկուն ծրագիրը կներառի «Ավրորա» մրցանակի շնորհման չորրորդ հանդիսավոր արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, կրթական ֆորում և բաց դասախոսություններ՝ ի նշանավորումն UWC Դիլիջան միջազգային քոլեջի հնգամյակի, ինչպես նաև մի շարք կլոր սեղան-քննարկումներ և մշակութային միջոցառումներ: Շաբաթը կեզրափակվի Երևանում կայանալիք մեծ համերգով:

««Ավրորա» ֆորումն ունի միջազգային առաջընթացը և տեղական զարգացումները կամրջելու ներուժ՝ չափելի ազդեցությամբ: Բայց այդ ներուժը կարող է իրացվել միայն, եթե Ֆորումին միանան համաշխարհային փոփոխություն բերող մարդիկ, որոնք իրենց կատարած գործով են կիսում «Ավրորայի» տեսլականը»,– նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

«Ավրորա» ֆորումը հիմնական գործընկերների միասնական նախաձեռնությունն է.

  •  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նպատակն է ստեղծել տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանող էկոհամակարգ՝ համախմբելով տեղական և միջազգային համայնքների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները:
  • «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակը խթանում է կրթությունը Միացյալ համաշխարհային քոլեջների, մասնավորապես՝ UWCԴիլիջան միջազգային քոլեջի միջոցով:
  • «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն (IDeA)  իրականացնում է երկարաժամկետ ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանի՝ գոյատևումից բարեկե­ցության անցմանը:
  • «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակով նոր հնարավորություններ է ստեղծում մերօրյա այն հերոսների համար, որոնց գործունեությունը բացառիկ ազդեցություն է ունեցել և ունի մարդկային կյանքի պահպանման համար:

Հիմնական գործընկերներին են միանում նաև «Ավրորա» ֆորումի շուրջ հարյուր Բարի կամքի դեսպանները՝ գործարարներ, քաղա­քացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ և այլ ոլորտներ ներկայացնող հարգարժան մարդիկ՝ ամբողջ աշխարհից: Նրանք իրենց փորձառությամբ կնպաստեն Հայաստանը տարածաշրջանի մարդասիրական, գիտակրթական, տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային կենտրոն դարձնելուն ուղղված ջանքերին:

«Ավրորա» ֆորումում ներգրավված կազմակերպություններն ու անհատներն ազգային և միջազգային մակարդակներում կստեղծեն բովանդակային և երկարաժամկետ փոփոխությունների հասնելու հնարավորություններ:

««Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը և աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջև կանգնած հրատապ մարտահրավերները, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական և տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային և գիտական ոլորտներում»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համա­հիմ­նադիր Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Մենք հույս ունենք, որ «Ավրորա» ֆորումը կունենա միջազգային ներգրավում և կընձեռի նոր կապերի ստեղծման հնարավորություն՝ առավելագույն ազդեցության հասնելու նպատակով»:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր նշանակալի տեղն ունի հումանիտար աշխարհում, քանի որ մարդասերները տեսնում են դրա ուղիղ ազդեցությունը, նախևառաջ՝ երեխաների պաշտպանության ոլորտում: Միաժամանակ, հայկական ներկայությունն ամրապնդվում է նաև միջազգային ամենատարբեր ոլորտներում և հարթակներում: «Ավրորա» ֆորումը կշարունակի տարածել «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը՝ միավորելով տարբեր ոլորտների առաջնորդների և նորարարների, որպեսզի նրանք էլ ոգեշնչեն ուրիշներին և ոգեշնչվեն նրանցից: Այն, ինչ սկսվեց հարյուր մարդու երախտագիտության պատմություններով, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից, դարձավ համաշխարհային շարժում՝ վկայելով, որ մարդկությունը կարող է է՛լ ավելին»,– ընդգծեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: 2019 թվականին «Ավրորա» ֆորումի միջոցառումները կտարածվեն Հայաստանով մեկ՝ հյուսիսից հարավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում