«Փաստ». Գոտիականությունը փոխել են, որ լիցենզիայի գումարները քիչ վճարեն

«Փաստ». Գոտիականությունը փոխել են, որ լիցենզիայի գումարները քիչ վճարեն

«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, քսայուղերի և այլ տեսակների ապրանքներ վաճառելու լիցենզիա տրամադրելու համար գործում է գոտիականության սկզբունքը: Լիցենզավորման ենթակա ապրանքի վաճառքի իրավունքի վճարը տարբեր գոտիների համար տարբեր է: Այսինքն, նույն ապրանքը վաճառող առաջին և երրորդ գոտիներում գտնվող խանութների տերերը տվյալ ապրանքի լիցենզիա ստանալու համար տարբեր գումար են վճարում, ինչը, ըստ մասնագետների, նորմալ մոտեցում է: Նորմալ չէ, սակայն, որ առաջին գոտում գտնվող խանութը հանկարծ կարող է հաշվառվել երկրորդ կամ երրորդ գոտում՝ դրանից բխող մյուս «առավելություններով»:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող խանութների գոտիավորումը նախկին իշխանությունների օրոք, մեղմ ասած, այնքան էլ պատշաճ չի իրականացվել, և փաստացի առաջին գոտում գտնվող որոշ խանութներ հայտնվել են երկրորդի ցուցակում: Բայց հիմա նոր իշխանությունները, ըստ մեր աղբյուրների, որոշել են այս սխալը շտկել, ինչի արդյունքում շատ տնտեսվարողներ նույն լիցենզիայի համար ավելի շատ գումար են վճարում: Մեր տեղեկություններով, խանութների տերերը այս ամենի պատճառով սկսել են աջ ու ձախ դժգոհել: Այս մասին մանրամասն տեղեկություններ և այլ պարզաբանումներ ստանալու համար «Փաստը» գրավոր դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից պատասխանները ստանալուն պես դրանք կներկայացնենք»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում